Մեզ միայն հաղթանակն է հետաքրքրում. Պորտուգալիայի Մ19 հավաքականի ավագը՝ Իսպանիայի հետ եզրափակչի մասին

17:25 26.07.2019

Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Վիկտոր Ֆերեյրան Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ՝ Իսպանիայի հետ հանդիպումից առաջ վճռական է տրամադրված:

Այսօր լրագրողների հետ ճեպացրույցի ժամանակ Ֆերեյրան ասաց, որ իրեն ու թիմակիցներին հաղթանակից բացի ոչինչ չի հետաքրքրում.

«Սպասում ենք հաղթական հանդիպման: Չեմպիոնության համար պայքարելու են երկու շատ տաղանդավոր թիմեր: Մեզ միայն հաղթանակն է հետաքրքրում: Ամեն ինչ անելու ենք նման արդյունքի հասնելու համար»:

Վիկտոր Ֆերեյրան նշեց, որ Պորտուգալիայի Մ19 հավաքականի լավ արդյունքները պայմանավորված են թիմային մթնոլորտով.

«Հավաքականում հիանալի մթնոլորտ է: Մեզ համար հավաքականը, ասես, երկրորդ ընտանիք լինի: Մեր հաղթաթուղթը հենց թիմում տիրող մթնոլորտն է»:

Պորտուգալացիների ավագը համոզմունք արտահայտեց, որ մրցակիցն իրենց չի գերազանցում.

«Խմբային փուլի հանդիպման ժամանակ Իսպանիայի հավաքականը չի գերազանցել մեզ: Նրանք կարողանում են լավ վերահսկել գնդակի տեղաշարժը, ազատ տարածություններ գտնել: Իսկ մենք ավելի արագ թիմ ենք: Միևնույն ժամանակ, մենք համբերատար ենք և կարողանում ենք ճիշտ կազմակերպել գրոհները: Խմբային փուլում հավասար խաղ էր և վաղն էլ նման հանդիպում կլինի:

Իսպանացիների հոգնածությունը մեզ փոքր-ինչ առավելություն է տալիս, սակայն նրանք ևս դաշտում ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար:

Ինչ վերաբերվում է հնարավոր 11-մետրանոց հարվածաշարին՝ պատրաստվում ենք դրան, բայց չենք կենտրոնանում: Մենք ցանկանում ենք հաղթել 90 րոպեում: Կարևորը հաղթանակն է, բայց չենք խաղալու հետխաղյա 11-մետրանոցների համար»,- խոսքը եզրափակեց Ֆերեյրան:


Վիկտոր Ֆերեյրան և Իսպանիայի Մ19 հավաքականի ավագ Աբել Ռուիսը

 


Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...