Իսպանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Հավատում եմ՝ իմ թիմը կհաղթի եզրափակչում

15:46 26.07.2019

Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան և ավագ Աբել Ռուիս հավատում են՝ կարող են դառնալ Եվրոպայի Մ19 առաջնության չեմպիոն:

Հուլիսի 27-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Պորտուգալիա-Իսպանիա եզրափակչից առաջ Դենիան և Ռուիսը ճեպազրույց ունեցան լրագրողների հետ:

Իսպանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը համոզմունք արտահայտեց, որ վաղն անչափ դիտարժան հանդիպում է լինելու.

«Նախ շնորհավորում եմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային փայլուն աշխատանքի համար, քանի որ սա նրանց երրորդ անընդմեջ եզրափակիչն է: Վաղը շատ դիտարժան հանդիպում է լինելու, ինչպես խմբային փուլի մեր հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ այս եզրափակչում վճռորոշ կլինեն մանրուքները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի անգամ մանրուքներում չսխալվենք»:

Դիտարկմանը, որ Իսպանիայի Մ19 հավաքականի մոտ կարող է հոգնածություն զգացվել կիսաեզրափակիչ փուլը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթահարելու արդյունքում, Սանտի Դենիան պատասխանեց՝ աշխատում են նաև այդ ուղղությամբ.

«Մենք աշխատում ենք ֆիզիկապես վերականգնվելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ չենք մոռանում տակտիկայի մասին: Կարծում եմ՝ կկարողանանք հաղթել մարտավարության հաշվին: Հույս ունեմ՝ հենց այդպես էլ կլինի: 

Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ թիմի՝ մրցաշարում ցուցադրած խաղից: Գոհ եմ նաև գոլային պահերի ստեղծման և իրացման հարաբերակցությունից: Հավատում եմ իմ տղաներին, հավատում եմ, որ վաղը նրանք կհաղթեն»:

Պորտուգալիայի և Իսպանիայի Մ19 հավաքականների գլխավոր մարզիչներ Ֆիլիպե Ռամոսն ու Սանտի Դենիան


Մարզիչը նշեց, որ մարզումների ժամանակ իրենց պարբերաբար այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը.

«Խինես Մելենդեսը մարզումների ժամանակ այցելել է մեզ: Զրույցներ ենք ունեցել, և Խինեսն ասել է, որ երկրպագում է և՛ Հայաստանին, և՛ Իսպանիային»:

45-ամյա մասնագետն ընդգծեց, որ մրցաշարը հիանալի էր կազմակերպված, իսկ Հայաստանից կհեռանան միայն լավ տպավորություններով.

«Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈւԵՖԱ-ին մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ամեն ինչ հիանալի էր: Գոհ ենք և՛ ֆուտբոլային ենթակառուցվածքներից, և՛ հյուրընկալությունից: Այս օրերին ապրել ենք մայրաքաղաքում և շատ տպավորված ենք տեղացիներով: Երևանը ֆուտբոլային քաղաք է»:

Իսպանիայի Մ19 հավաքականի ավագ Աբել Ռուիսը ևս վստահություն հայտնեց, որ առաջիկա եզրափակիչը դիտարժան է լինելու.

«Շատ լարված և հետաքրքիր խաղ է սպասվում, ինչպես եղել է խմբային փուլում: Պորտուգալիան շատ ուժեղ թիմ է, սակայն մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»:


Մ19 Եվրո-2019-ի եզրափակիչ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Իսպանիայի Մ19 հավաքականի նախախաղյա մարզումը

Share |

Լրահոս

Loading...