Գեղեցիկ ավարտի սպասումով. Երևանում ավարտվում է ԵՎՐՈ-2019-ը

13:08 27.07.2019

Հուլիսի 14-ից Երևանն աննախադեպ հնարավորություն ուներ հենց մարզադաշտերից հետևելու Եվրոպայի ծագող աստղերի խաղին. Հայաստանն ընդունում էր Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:

Այս ամռանը Հայաստան եկան Եվրոպայի ապագա աստղերը ու փորձեցին երևանյան երեկոներն ավելի ֆուտբոլային դարձնել: Ընդունեցինք այդ նվերը թե ոչ, այլ հարց է, փաստը մնում է փաստ, որ ունեինք բացառիկ հնարավորություն մարզադաշտ գնալու ու իրական եվրոպական ֆուտբոլ տեսնելու:

Այսօր՝ հուլիսի 27-ին, կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումը: Գործող չեմպիոն Պորտուգալիան, որը երրորդ անգամ անընդմեջ է դուրս գալիս եզրափակիչ, կհանդիպի Իսպանիային:

Անցած ճանապարհը

Պորտուգալիայի Մ19 հավաքականն, համեմատաբար, ավելի հեշտ ուղի է անցել մինչև եզրափակիչ: Նախ, 3-0 հաշվով հաղթանակ Իտալիայի իրենց հասակակիցների նկատմամբ: Այս խաղից հետո շատերը սկսեցին համոզվել, որ Ֆիլիպե Ռամոսի տղաները մրցաշարի իրական ֆավորիտներն են:

Այնուհետև եղավ Իսպանիայի հետ խմբային փուլի հանդիպումը: Լարված պայքարն ավարտվեց 1:1 հաշվով: Այս խաղից պարզ է դառնում, որ նույնպիսի անհաշտ ու համառ հանդիպում է սպասվում նաև այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Դե իսկ վերջում պորտուգալացիները հանդիպեցին Արթուր Ոսկանյանի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականին: Հաղթանակ 4:0 հաշվով ու գործող չեմպիոնը կիսաեզրափակչում է:

Այստեղ նրանց սպասում էին իռլանդացիները: Պորտուգալիայի ընտրանին առանց մեծ ջանքեր գործադրելու հաստատեց իր բարձր կարգը ու հաղթեց 4:0 հաշվով: Առջևում եզրափակիչն է...


Իսպանիայի հավաքականի ճանապարհը մի փոքր ավելի բարդ էր: Մրցաշարի բացման խաղում Սանտի Դենիայի տղաները 4:1 հաշվով հաղթեցին Հայաստանի ընտրանուն: Հենց այդ խաղում մենք խփեցինք այս մրցաշարում մեր միակ գնդակը:

Հաջորդ խաղում, ինչպես նշեցինք արդեն, իսպանացիները ոչ-ոքի խաղացին Պորտուգալիայի հետ:

Դե իսկ վերջին՝ 3-րդ տուրում, անչափ դժվարին ու կարևոր խաղում նրանք հաղթեցին Իտալիայի հավաքականին: Խաղի ընթացքում պարտվելով 0:1 հաշվով՝ իսպանացիները կամային որակներ դրսևորեցին ու հաղթանակի հասան 2:1 հաշվով:

 

Կիսաեզրափակչում սպասում էր հզոր Ֆրանսիան: 120 րոպե թիմերը խաղացին ու չկարողացան դառնալ գոլի հեղինակ: Հերթը հասավ 11-մետրանոց հարվածաշարին: Այստեղ Իսպանիայի ընտրանու նյարդերն ավելի ամուր էին: Հաղթանակ 4:3 հաշվով և ուղեգիր դեպի եզրափակիչ՝ Պորտուգալիայի հետ հանդիպման:


Դժվար է ասել, թե էլ երբ մեր երկիրը հնարավորություն կունենա նման մակարդակի մրցաշար անցկացնելու: Կազմակերպվածության և ընդունելության մասին խոսել են նաև եզրափակչի մասնակիցները:

«Մեզ շատ լավ են ընդունել Հայաստանում: Մարդիկ այստեղ շատ ընկերասեր են: Մենք կկարոտենք Հայաստանը»,- ասել է Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչը:

«Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈւԵՖԱ-ին մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ամեն ինչ հիանալի էր: Գոհ ենք և՛ ֆուտբոլային ենթակառուցվածքներից, և՛ հյուրընկալությունից: Այս օրերին ապրել ենք մայրաքաղաքում և շատ տպավորված ենք տեղացիներով: Երևանը ֆուտբոլային քաղաք է»,- ասել է Սանտի Դենիան՝ Իսպանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը:

Իհարկե, կազմակերպվածության և անցկացման առումով ՀՖՖ-ն արել էր ամեն ինչ: Թիմերին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար ձեռնարկվել էին բոլոր միջոցները: ՀՖՖ-ն, կարծես, իր գործը լավ էր կատարել, իսկ երկրպագունե՞րը...

Երբ ունես հիանալի հնարավորություն հենց մարզադաշտից տեսնելու Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Բենֆիկայի», «Պորտուի» ու շատ այլ հզոր ակումբների ապագա աստղերին, ապա պետք է դա ձեռքիցդ բաց չթողնես:

Հայաստանի ընտրանու հանդիպումներին պատկերն այլ էր: Արթուր Ոսկանյանի թիմի խաղերին մարզադաշտը կիսով չափ լցված էր լինում: Երկրպագուների աջակցության պակաս էլ չէր նկատվում, սակայն մյուս հավաքականների խաղերին ստադիոնում տխուր տեսարան էր նկատվում...

Մեր ընտրանին էլ այս մրցաշարին շատ երկար էր պատրաստվել, սական երեք խաղերում էլ պարտվեց՝ բոլոր հանդիպումներում դարպասն ընդունելով 4 գոլ և միայն մեկ անգամ գրավելով Իսպանիայի դարպասը:

Թե ինչ տվեց այս մրցաշարը մեր հավաքականին շատ է խոսվել: Արթուր Ոսկանայնն էլ բազմիցս ասել է, որ նման խաղերից հետո իր հավաքականի տղաներն ավելի կկատարելագործվեն ու կզարգանան:

Թե ինչ տվեց այս մրցաշարը մեր երկրին, մի փոքր բարդ հարց է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավորինս ամեն ինչ արել էր: Կարող էր լինել ավելի լավ, չի բացառվում, սակայն ունենք այն ինչ ունենք: Ստեղծվել էր ֆան-զոն՝ «Ազատության» հրապարակի տարածքում, հանդիպումների ժամերն այնպես էր, որ կարողանայիր մարզադաշտից հետևել օրվա երկու խաղերին էլ, հետաքրքիր խաղարկություններ, միջոցառումներ ու տեսանյութեր՝ նվիրված Եվրո-2019-ին: Երկրպագուներին մնուր էր գնալ և վայելել ապագա գերաստղերի խաղը... Իսկ թե վերջին կետը որքանով ստացվեց մեզ մոտ, թողնում ենք ձեր կարծիքին:


Դե ինչ, Եվրո-2019-ի եզրափակչին մնաց հաշված ժամեր: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:30-ից Պորտուգալիայի ու Իսպանիայի Մ19 հավաքականները իրական կռիվ կտան՝ Եվրոպայի չեմպիոն պարզելու համար:

Երևանում անցկացված մրցաշարի մասին դեռևս շատ կարելի է խոսել, իսկ այսօր մեզ մնում է միայն այցելել խաղադաշտ ու երկրպագել նախընտրած հավաքականին:

Share |

Լրահոս

Loading...