Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանթ Սխիպը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.
«Ուրախ եմ մեր թիմի ցուցադրած խաղի ու հաղթանակի համար: Առաջին կեսում մեծ ճնշում էինք գործադրում, տղաներն արեցին այն, ինչ նրանցից պահանջվում էր: Երկրորդ կեսում հայերն առաջ նետվեցին, իսկ մենք ցույց տվեցինք, որ կարողանում ենք պայքարել: Երկրորդ գոլի համար լավ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել:
Արժանին պետք է մատուցեմ մեր թիմին, տղաներին: Բոսնիայի հետ խաղից հետո սպասելիքներ մեր թիմից մեծ էին: Տղաներն այսօր ցույց տվեցին, որ ունեն բարձր որակներ այսպիսի ֆուտբոլ խաղալու համար, միմյանց համար կռիվ տալու համար»,- ասաց հույների գլխավոր մարզիչը:
Խոսելով Հայաստանի հավաքականի խաղից ունեցած սպասելիքների մասին՝ հոլանդացի մասնագետը հետևյալն ասաց.
«Սպասում էինք, որ հայերը կպաշտպանվեն ու իրենց ուժը կօգտագործեն հակագրոհների ժամանակ: Կարծում եմ՝ այդ առումով նրանց խաղը չստացվեց: Չեմ ցանկանում խոսել Հայաստանի հավաքականի խաղի վրա, այլ նրա, որ մեր խաղն այսօր ստացվեց»:
Հիշեցնենք՝ Հունաստանի հավաքականը Երևանում նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանին ու J խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երրորդ հորիզոնականը: