Օգոստոսին չեմպիոն չեն դառնում. Ռեալի խնդիրների պատճառներն ու հնարավոր լուծումները

17:23 01.08.2019

«Ես գիտեմ, որ իսկապես բարդ է: Մենք հենց նոր ենք ավարտել ծանր մրցաշրջանը, իսկ նորն էլ այդքան լավ չենք մեկնարկել: Ես մեծագույն թիմ ունեմ: Մեզ միայն մեկ հաղթանակ է պետք»:

Սրանք Զինեդին Զիդանի խոսքերն են Audi Cup-ի «Տոտենհեմի» դեմ (0-1) կիսաեզրափակչից հետո: Ֆրանսիացի մասնագետի նշած այդ մեկ հաղթանակը եկավ «Ֆեներբախչեի» հետ նույն մրցաշարի շրջանակում կայացած երրորդ տեղի համար խաղում: 5-3 հաշվով հաղթանակ, սակայն ակներև խնդիրներ, որոնց լուծումը ամենևին էլ Բենզեմայի՝ վերը նշված խաղից հետո արված մեկնաբանության մեջ չէ. «գիտե՞ք ինչ, ուզում եմ ձեզ մի բան ասել: Սա ընդամենը նախամրցաշրջանային հավաք է»:

Չափից դուրս անկեղծ Զիդանն ու մեծ գլխացավանքը

Ամեն ինչ, կարծես թե, լավ էր: «Ռեալը» մեկնել էր ԱՄՆ ու հին-նոր դեմքերով պետք է պատրաստվեր նոր մրցաշրջանին: Տրանսֆերային շշուկներն էլ թիմի շուրջ գրեթե մարել էին, քանզի Պերեսը ամեն բան արել էր նորեկներին մինչ ուսումնամարզական հավաքի մեկնարկը ձեռք բերելու համար:

«Բավարիայի» դեմ ընկերական խաղում «Ռեալը» պարտվեց 1-3, սակայն դա չէ, որ պետք է քննարկման առարկա դառնար համաշխարհային մամուլի «բրեյքինգ» էջերում ժամեր անց: Թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի չխաղալը Զիդանը խաղից անմիջապես հետո բացատրեց նրանով, որ ակումբը հույս ունի, որ 30-ամյա ֆուտբոլիստը շատ շուտով կհեռանա Մադրիդից.

«Այդպես լավ կլինի բոլորիս համար»,-ասում է Զիդանը:

Ժամեր անց հետևեց Ջոնաթան Բարնետտի՝ Բեյլի գործակալի կոշտ հայտարարությունը, թե Զիդանը անարգում է Բեյլին ու այն ամենին, ինչ արել է Գարեթը «Ռեալի» համար: Սկսվեց իսկական իրարանցում, լրատվամիջոցները Բեյլին Չինաստան ուղարկեցին հետո հերքեցին այդ լուրերը: Ուշադրությունը սևեռվեց «արքայական» ակումբի վրա: Այս ամենին էլ գումարվեց Բեյլի՝ թիմի հետ Մյունխեն չմեկնելը ու «Ռեալի» խաղի ժամին Մադրիդում գոլֆ խաղալը:

Մի՞թե այս երևույթը հարիր է այն թիմին, որը վերջին վեց տարիներից չորսում հաղթել է Եվրոպայի ակումբային չեմպիոնի գավաթը: Բեյլի հարցը դեռևս անլուծելի է մնում: Նրանք Զիդանի հետ գրեթե չեն շփվում, ու, ինչպես երևում է, դա միշտ է այդպես եղել: Վեց տարվա մեջ Գարեթը այդպես էլ իսպաներեն չսովորեց, բայց չէ՞ որ նա էր ֆուտբոլային այն խելագարը, ով մարտահրավեր նետեց հենց նույն Զիդանին ՉԼ-ի եզրափակիչներում երբևէ խփված ամենագեղեցիկ գոլերի համատեքստում: Սիրես Բեյլին, թե ոչ, նա է «դեսիմայի» ու «դեսիմոտերսերայի» հաղթական գոլերի հեղինակը:

Շոկային վնասվածքի ծանրագույն հետևանքները

Մինչմրցաշրջանային երկրորդ խաղում «Ռեալը» չափազանց մեծ կորուստ ունեցավ: Մարկո Ասենսիոն ծանրագույն վնասվածք ստացավ: 23-ամյա իսպանացին կտրել է ձախ ծնկի խաչաձև կապաններն ու բաց է թողնելու ողջ մրցաշրջանը: Սա ամենասարսափելի վնասվածքներից է ֆուտբոլիստների համար:

Տեղի ունեցածը շոկի ենթարկեց բոլորին: Մարզչական շտաբը, ֆուտբոլիստները, երկրպագուներն ու ողջ ֆուտբոլային աշխարհը սկսեց աջակցել Ասենսիոյին: Հոգեբանական այս ծանր վիճակում «Ռեալը» խայտառակ պարտություն կրեց «Աթլետիկոյից»:

Մինչ Ասենսիոյի վնասվածքը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն իսկ շատ ծանր հոգեբանական վիճակում էր: Ֆրանսիացի մասնագետը ամերիկյան հավաքի ընթացքում ստիպված էր վերադառնալ Իսպանիա: Մահացել էր Զիդանի ավագ եղբայրը: Մի քանի օր թիմը առանց Զիզուի էր մնացել: Սա, իհարկե, չէր կարող լավ անդրադառնալ:

Ասենսիոյի անսպասելի վնասվածքը խառնեց Զիդանի խաղաքարտերը: Մադրիդցիների 20-ը միանշանակ մեծ դեր էր ունենալու «նոր» «Ռեալում»: Եթե անգամ նա չլիներ մեկնարկային կազմի հիմնական ֆուտբոլիստ, ապա գրեթե միշտ լինելու էր առաջին փոխարինման դուրս եկողը: Ասենսիոյի վնասվածքը ճանապարհ է հարթում Խամեսի համար, ով երկու տարի անց վերադարձել է Մադրիդ: Սակայն Զիդանի՝ Խամեսի մասին առանց էնտուզիազմի խոսելը գալիս է հաստատելու, որ ֆրանսիացին մեծապես հույսեր չի կապում նրա հետ:

Նոր մրցաշրջան հին Վինիսիուս

Իսպանական Marca պարբերականը մինչ ամառային նախապատրաստական հավաքի մեկնարկը վստահեցնում էր, որ Վինիսիուսը լինելու է Զիդանի գլխավոր հարվածային ուժերից մեկը նոր մրցաշրջանում: Բրազիլացի երիտասարդը հպարտորեն պատմում էր, որ մարզումներից հետո Զիդանը մնում է ու առանձին մարզվում է Վինիի հետ՝ նպատակ ունենալով բարելավել վերջինիս գործողությունները գրոհի եզրափակիչ փուլում:

«Ռեալի» ամառային ընկերական խաղերը դիտած մարդիկ կփաստեն. «բան չի փոխվել»: Վինիսիուսը նույն կերպ ակտիվ է, սակայն գրոհի եզրափակիչ փուլում նա արդյունավետ չէ: Դժվար է պատկերացնել նրան հարձակման աջ եզրում, քանզի ձախը, կարծես թե, պարզ է, թե ումն է լինելու:

Նոր առաջատարի ավելորդ «բեռը»

Համացանցում շատ են քննարկումները Ազարի ավելորդ քաշի հետ կապված: Կարծում եմ՝ հստակ է, որ ամեն բան չափազանցված է: Այո՛, հնարավոր է՝ Ազարը ավել քաշով է միացել «Ռեալին», սակայն նշվող թվերը ուղղակի ծիծաղ են առաջացնում: Մինչմրցաշրջանը հենց քաշը կարգավորելու, մարզավիճակ հավաքելու ու նոր մրցաշրջանին նախապատրաստվելու մասին է: Միայն պատկերացրե՛ք. ձեզ համար վճարում են 100 միլիոն եվրո, իսկ դու գալիս ես հավաքի 7 կիլոգրամ ավել քաշով: Իհարկե, դա լավ չէ, երբ ֆուտբոլիստը արձակուրդի ընթացքում չի պահում իր մարզավիճակը ու ավելորդ քաշ է հավաքում, բայց այդ ամենը պետք է կարգավորել մինչ մրցաշրջանի մեկնարկը:

Նշեմ, որ որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ազարի ավելորդ քաշը երեք կիլոգրամ է: Բելգիացին մինչ Լա լիգայի մեկնարկը պետք է որ կարգավորի իր մարզավիճակը: «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում տիտղոս չնվաճեց ու այդքան շատ գոլեր չխփեց անգամ հենց ինքը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Այնպես որ, սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի Ազարի պարագայում: «Ռեալում» երբեք հեշտ չի լինում:

Ամռան վերջին ամիսն ու տրանսֆերային անելիքները

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային պատուհանի վերջին ամսում կակտիվանա: Սա պարզ է դառնում «սերուցքայինների» վարած տրանսֆերային քաղաքականությունից: «Ռեալը» վաճառեց Մարկոս Լյորենտեին և վարձակալությամբ «Արսենալ» ուղարկեց Դանի Սեբալյոսին: Ներկա պահին հենակետային դիրքում խաղացող միայն մեկ ֆուտբոլիստ կա: Խոսքը Կազեմիրոյի մասին է: Այո՛, այդ դիրքում կարող են խաղալ նաև Կրոսը, Մոդրիչը կամ էլ Ֆեդե Վալվերդեն: Առաջին երկուսի պարագայում շատ լավ հասկանում ենք, որ Կրոսն ու Մոդրիչը ավելի արդյունավետ կարող են լինել գրոհները կազմակերպելու, այլ ոչ թե մրցակցինը քանդելու փուլում: Ֆեդե Վալվերդեն էլ դժվար թե վստահություն ունենա Զիդանի մոտ:

ԱՄՆ-ի հավաքում «Ռեալի» վատ մրցելույթները կապված էին նաև Կազեմիրոյի բացակայության հետ: Բրազիլացին Կոպա Ամերիկայում հաղթանակից հետո միայն հուլիսի 29-ին է միացել թիմին:

Այս ամենի համատեքստում Զիդանը երազում է Պոլ Պոգբայի ժամանման մասին, ինչը գնալով ավելի հավանական է թվում: Նախ ՄՅՈւ-ն մոտ է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին ու Բրունո Ֆերնանդեսին գնելուն: «Կարմիր սատանաները» դժվար թե խաղային այդ դիրքերում հաճույքի համար համալրումներ կատարեն: Մյուս կողմից պարզից էլ պարզ է, որ «Ռեալի» պես թիմը չի կարող մնալ կենտրոնական միայն մեկ կիսապաշտպանով: Նախորդ տարի Կազեմիրոն դուրս մնաց շարքից մի քանի ամսով: Սոլարին նրան փոխարինեց Սեբալյոսով: Իսպանացին իր համար ինչ-որ տեղ անհասկանալի խաղային դիրքում ձախողեց մեկ հանդիպում, ինչից հետո եկավ Լյորենտեն, ով ֆանտաստիկ մարզավիճակ հավաքեց: Լյորենտեն այլևս թիմում չէ: 

Եթե Պոգբան գա «Ռեալ» Կազեմիրոն դժվար թե կորցնի իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Զիդանը «Ֆեներբախչեի» դեմ խաղից հետո հայտարարեց, որ թիմը պետք է փոխի մարտավարությունը, քանի որ դա պետք է «Ռեալին»: 4-4-2 կամ էլ 4-4-1-1, որտեղ ավելի մեծ ազատություն կստանան Իսկոն կամ էլ Ազարը: Այս դեպքում «Ռեալը» կարող է խաղալ երկու հենակետայինով, քանզի իսկապես նկատելի են պաշտպանության բացերը, իսկ երկու հենակետային խաղալը կարող է մեծ օգնություն լինել «սենթըր-բեքերի» համար: «Ռեալը» կակտիվանա ու վերջին ջանքերը կգործադրի 26-ամյա ֆրանսիացուն գնելու համար, հակառակ դեպքում «գալակտիկոսները» կմնան Կազեմիրոյով առանց իրատեսական այլընտրանքի:

Հիշենք «յուրահատուկին», նա կարոտում է ֆուտբոլը

Տարիներ առաջ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մի առիթով ասել էր, որ չեմպիոն չեն դառնում օգոստոսին, սեպտեմբերին, հունվարին կամ մարտին: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե որ ամիսն էր բարձրաձայնել «յուրահատուկը», բայց մեկ բան հստակ է. «Ռեալը» պետք է մարզավիճակ հավաքի ու պայքարի տիտղոսների համար ողջ մրցաշրջանի ընթացքում: Այստեղ ֆուտբոլային թիմին կարող ենք համեմատել թոփ թենիսիստների հետ, ովքեր երկու շաբաթ տևող մրցաշարի մեկնարկից մինչև վերջին օրը մարզավիճակ են հավաքում և եզրափակիչ խաղին մոտենում են լավագույն կարգավիճակով: «Ռեալը» այդպիսինն էր 2016-ին, 2017-ին և 2018-ին: Ի՞նչ կլինի գալիք մրցաշրջանում՝ դժվար է կանխատեսել:

«Ռեալը» ևս երկու ընկերական հանդիպում ունի, ինչից հետո սկսվելու է Լա լիգայի նոր մրցաշրջանը: Պրիմերայի գալիք մրցաշրջանը չափազանց հետաքրքիր է լինելու: Չեմպիոնի միանգամից երեք հավակնորդ, նոր աստղեր, մարտահրավերներ ու խելահեղ ֆուտբոլ…

Հաղթանակների ու տիտղոսների տարափի մեջ «Ռեալը» շարունակելու է պայքարել նորերի համար: Պատճառը հստակ արտահայտված է Զիդանի՝ տարիներ առաջ հնչեցրած մի նախադասության մեջ.

«Միգուցե ես բավականին հաջողակ եմ եղել իմ կյանքում, բայց ես դեռ ունեմ կարիք այս խաղում նոր մարտահրավերներ գտնելու համար»:

Արամ Սահակյան

Share |

Լրահոս

Loading...