Խաչանով․ Ջոկովիչի և Նադալի դեմ ավելի հեշտ է խաղալ, քան Ֆեդերերի

23:21 02.08.2019

Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է «Մեծ եռյակի» ներկայացուցիչների դեմ պայքարի մասին և նշել է, որ աշխարհի ամենաուժեղ թենիսիստ է համարում Ռոջեր Ֆեդերերին։

«Ֆեդերերը, Ջոկովիչը և Նադալը սուպերթենիսիստներ են, սակայն նրանց դեմ հնարավոր է խաղալ և անգամ հաջող խաղալ։ Օրինակ՝ ինձ համար ավելի հեշտ է խաղալ Ջոկովիչի և Նադալի դեմ, քանի որ նրանք գրեթե միատեսակ են գործում պաշտպանությունում, և եթե դու ի սկզբանե թույլ ես խաղում, նրանք կարող են առանց խղճի ջախջախել քեզ կորտում։

Ֆեդերերն այլ է։ Նա ձգտում է մտածված միավորներ վաստակել։ Ռոջերը կարող է 2-3 հարվածով գեղեցիկ կոմբինացիա կազմակերպել, բայց ամենակարևորը՝ դու չգիտես, թե ինչ և երբ նա քո դեմ կանի։ Կարծում եմ՝ աշխարհի ամենաուժեղ թենիսիստը Ֆեդերերն է՝ անկախ նրանից, թե այժմ նա ինչ դիրքում է։ Ռոջերը մեծագույն երաժիշտ է, որը խաղում է սուպերգործիքով, երբ իր ձեռքն է վերցնում ռակետը։

Հիանալի է, որ նա այսքան երկար ժամանակ պահում է մարզավիճակը և նրա դեմ դժվարանում են պայքարել անգամ աշխարհի ուժեղագույն թենիսիստները։ Սպորտում նման մարդիկ շատ չեն, ուստի մեծ հաճույք է նրա դեմ խաղալու հնարավորություն ունենալը»,- Խաչանովի խոսքը մեջբերված է Championat.com-ից։

Share |

Լրահոս

Loading...