Փյունիկը Արարատին է վերադարձրել 2008 թվականի չեմպիոնական Գավաթը

10:32 09.08.2019

«Փյունիկի» ներկայիս ղեկավարությունը Երևանի «Արարատին» է վերադարձրել 2008 թվականի Հայաստանի չեմպիոնի Գավաթը, որը երևանյան թիմը ժամանակին նվաճել էր ոսկե խաղի և սկանդալային մրցավարության արդյունքում:

Այս մասին Vkontakte սոցիալական կայքում գրառում է կատարել «Արարատի» երկրպագուների պաշտոնական էջը:

Հիշեցնենք՝ Սթար ֆուտբոլի ազգային առաջնության՝ 2008 թվականի նոյեմբերի 19-ին կայացած «Արարատ»-«Փյունիկ» ոսկե խաղի հաշիվը հյուրերի կազմում բացել էր Ալբերտ Թադևոսյանը: Ընդամենը մեկ րոպե անց «Արարատի» կազմում հաշիվը հավասարեցրել էր Վահագն Մինասյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ:

Խաղի 80-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը 11-մետրանոց էր նշանակել «Արարատի» դարպասին, որը չէր կարողացել իրացնել Սարգիս Հովսեփյանը։ Այդ դրվագից հետո դաշտից հեռացվել էր «Արարատի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով և խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 117-րդ րոպեին Արտակ Անդրիկյանի ՝ ձախ եզրից կատարած փոխանցումիվ հետո կրկին գլխի հարվածով իր երկրորդ գնդակը խփել էր Ալբերտ Թադևոսյանը։ Երկու րոպե անց դաշտից հեռացվել էին արարատցի Ժուլիանոն և հանդիպման հերոս Ալբերտ Թադևոսյանը։

Այդպիսով, «Փյունիկը» նվաճել էր իր պատմության 11-րդ չեմպիոնական տիտղոսը:

Նշենք՝ հայտնի հանդիպումը թիմերն անցկացրել էին հետևյալ մեկնարկային կազմերով.

«Արարատ». Գևորգ Պռազյան, Միխեիլ Սիմոնյան, Ժուլիանո, Վահագն Մինասյան, Արտաշես Անտոնյան, Կարեն Նավոյան, Արթուր Պետրոսյան, Ջեֆերսոն, Ռենատո, Մարկոս, Գևորգ Նռանյան,

Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան:

«Փյունիկ». Գրիգոր Մելիքսեթյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան, Կարեն Դոխոյան, Արտակ Անդրիկյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Նորայր Սահակյան, Դավիթ Մանոյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան,

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան:

Մրցավար՝ Արարատ Ճաղարյան:


Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Share |

Լրահոս

Loading...