Ոստիկանությունը, քաղաքական մեսիջն ու այլ իրադարձություններ, որ անտարբեր չթողեցին անգլիացի լրագրողին

17:02 09.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» տանը 4 անպատասխան գնդակ ընդունեց անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնից»:

Հանդիպմանը ներկա էր նաև BirminghamMail կայքի լրագրող Ալեքս Դիքենը, որի անդրադարձը երևանյան խաղին ու խաղադաշտից դուրս ծավալված իրադարձություններին ներկայացնում ենք թարգմանաբար:

«Ոստիկանությունը, քաղաքականությունն ու դաշտ ներխուժած երկրպագուները... Երևանում կայացած խաղում «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» 4-0 հաշվով հաղթանակը «Փյունիկ» ՖԱ-ի նկատմամբ, անշուշտ, իրադարձություններով լի էր:

Մեթ Դոհերթիի, Ռաուլ Խիմենեսի (դուբլ) և Ռուբեն Նևեսի (11-մետրանոց) գոլերը վստահ հաղթանակ պարգևեցին ԵԼ որակավորման 3-րդ փուլի՝ «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում:

Բայց խաղադաշտից դուրս որոշ բաներ, իսկապես, հետաքրքիր էին:

Ոստիկանության ներկայությունը

Եվրագավաթային դիմակայությունների ժամանակ հաճախ մեծ թվով ոստիկաններ են լինում, բայց սա արտասովոր էր:

«Հանրապետական» մարզադաշտը գտնվում է Երևանի ոստիկանության գլխավոր բաժանմունքի կողքին, ու ժամը 18:00-ի սահմաններում մարզադաշտի դարպասներից ներս հարյուրավոր ոստիկաններ էին շարք կանգնել:

BirminghamLive-ին տեղեկացրեցին, որ ոստիկանների այդ ահռելի քանակը Հայաստանի ազգային մարզադաշտում նորմալ է:

Այնումենայնիվ, մարզադաշտի ներսում ոստիկաններն արդեն այդքան էլ շատ չէին: Մեծ թվով կարգադրիչներ էին շարվել նստարանների մոտ ու կանգնել երկրպագուների և խաղադաշտի միջև, բայց դրա մոտակայքում ոստիկանների թիվը նվազագույնի էր հասցված:

Այդ պաստառի պատճառը

«Փյունիկի» մեծ թվով երկրպագուներ մեկնարկային սուլիչից անմիջապես առաջ պաստառ պարզեցին, որի վրա գրված էր. «Ձեր նավերը չեն կարող մագլցել մեր լեռները»:

Դա հայերի կողմից քաղաքական մեսիջ էր կապված Հայոց Ցեղասպանության հետ, որի ընթացքում ավելի քան 1,5 միլիոն մարդ է սպանվել:

Տեղացիներից մեկը մեզ պատմեց. «Ցեղասպանությունից հետո, երբ հայերը գնացել են Անգլիա, նրանց ասել են, որ վերադառնան ու մաքրեն իրենց լեռները»:

Որպես հավելում անգլիացի լրագրողի ստացած պատասխանին՝ նշենք. պատմությունը փաստում է, որ 1890-ականներին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի` Տալվորիկ, Գելիգուզան, Շենիկ, Սեմալ գյուղերի կոտորածներից հետո, երբ արևմտահայերի օգնության հարցն էր Եվրոպայում քննվում, 1896թ. ապրիլի 30-ին անգլիացի քաղաքական գործիչ Սոլոբերին Լորդերի պալատում հայտարարեց` «Հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:

Հայոց լեռները 19-րդ դարի վերջերին «անգլիական նավերի» համար անմատչելի էին, քանի որ ռանչպար սասունցին, ապա և ողջ արևմտահայությունը, ոչինչ չուներ տալու ընչասեր եվրոպացիներին: Թուրքական յաթաղանի առաջ ողջ արևմտահայությունը մնաց մեն-մենակ` ժամանակի գերտերությունների հետաքրքրությունից դուրս` բոլոր առումներով:

Դաշտ ներխուժած երկրպագուն

Երկրպագուներից մեկը դաշտ ներխուժեց խաղավարտից մոտավորապես 10 րոպե առաջ, ու նախքան կարգադրիչները կբռնեին նրան, վազեց դեպի «Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչը:

Ամեն դեպքում, նա հանգիստ չէր գնում՝ մարզադաշտից դուրս բերվելու ընթացքում բղավում ու ոտքերով հարվածներ էր հասցնում:

Միայն մի բան կարելի է ենթադրել. նա գիշերն անցկացրեց մարզադաշտի կողքին գտնվող ոստիկանական բաժանմունքի խցում:

Կուտրոնեի խնդրանքը

Պատրիկ Կուտրոնեն ուզում էր իրացնել 11-մետրանոցն ու խնդրեց Նևեսին զիջել իր պարտականությունները:

Պորտուգալացի աստղը, սակայն, դաժան գտնվեց ու անտեսեց նորամուտը նշող ֆուտբոլիստի խնդրանքը:

11-մետրանոցը վաստակել էր հենց Կուտրոնեն, բայց իտալացին դեռ ստիպված կլինի սպասել «Վուլվզի» կազմում իր առաջին գոլը հեղինակելուն»: 

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Վուլվերհեմփթոնում:

Share |

Լրահոս

Loading...