Համահայկականի բացումը տպավորիչ էր. մասնակիցները` 20-րդ հոբելյանական խաղերի մասին

15:42 12.08.2019

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցները տպավորված են Ստեփանակերտում կայացած միջոցառումներով` խաղերի բացման արարողությունը համարելով լավագույնը պատմության մեջ:

Հարություն Թահմազյանը, որը Կիպրոսի պատվիրակության պատասխանատուն է, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է: 

Նա 2001 թվականից խաղերի կազմակերպման ակունքներում է: Վստահեցնում է՝ Կիպրոսը փոքր գաղութ ունի, սակայն մասնակիցներն ուժեղ են: Նրա հետ համաձայն են մասնակիցները:

«Հիացած եմ այս խաղերի բացմամբ: Կարծում եմ` սա լավագույնն էր համահայկական խաղերի պատմության մեջ, քանի որ Արցախում հաղթական հողի վրա ես քայլում, և այդ հողը ուժ է տալիս:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի շնորհիվ խաղերը նոր, շատ ավելի բարձր մակարդկի են հասել, և սպորտի միջոցով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք միասնությունը շատ ավելի էական դերակատարում ունի:

Համահայկական խաղերն դեռ երիտասարդ են, շատ բան ունեն տալու հայությանը, իսկ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք»,- ասել է Հարություն Թահմազյանը:

Այն, որ այս տարվա բացման արարողությունը հրաշալի էր, փաստում է նաև Սարգիս Տեր Պետրոսյանը, որը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ է և ապրում է Ավստրալիայում:

«Հեշտ չէ պահել հայկականը, բայց տեղի ազգային միություններն ու Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ անում են հայրենիք-Սփյուռք կապն ամրացնելու համար, ինչը շատ կարևոր է:

Աննախադեպ էր նաև Արցախում Համահայկականի հանդիսավոր բացումը»,- ասել է Սարգիս Տեր Պետրոսյանն ու նշել, որ ժամանակն է երիտասարդներին մասնակից դարձնել կոմիտեի գործերին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամը վստահեցնում է, որ դրսում գործող հայկական կազմակերպությունների նպատակը հայապահպանությունն է, և Համահայկական խաղերը դրա բաղկացուցիչ մասն են:

Share |

Լրահոս

Loading...