Դա շարունակվել է 20 տարի. ամերիկացի գեղասահորդը մեղադրել է մարզչին սեռական ոտնձգությունների մեջ

19:02 12.08.2019

ԱՄՆ-ում հերթական սկանդալն է՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու հետ կապված:

Ամերիկացի գեղասահորդ Ալան Շմիտդը, որն ավարտել է մարզական կարիերան, դատի է տվել իր մարզչին՝ Ռիչարդ Կելահանին: Ըստ USA Today-ի՝ Շմիդտը դիմել է Սան-Դիեգոյի դատարան հայտարարելով, որ անչափահաս լինելու ժամանակ մարզիչն իր նկատմամբ սեռական բռնություններ է կատարել:

Գեղասահորդը հաստատում է, որ նման դեպք մի քանի անգամ տեղի է ունեցել 1999-2001 թվականներին, իսկ առաջին անգամ բռնության է ենթարկվել 14 տարեկանում: 

Իր հայտարարության մեջ գեղասահորդը ԱՄՆ-ի գեղասահքի ֆեդերացիային (USFS) մեղադրում է անգործության մեջ: 

Մարզիկը հայտնել է, որ դեռևս 1999 թվականին Կելահանի նկատմամբ բողոք էր ներկայացրել մեկ այլ գեղասահորդ՝ Կրեյգ Մաուրիցին: Վերջինս խոստովանել էր, որ 1976 թվականին, երբ 13 տարեկան էր, մարզչի կողմից սեռական բռնության է ենթարկվել: USFS-ում մարզիկի բողոքը մերժել են՝ պատճառաբանելով, որ հայցվորը դիմել է կազմակերպությանը օրենքով թույլատրված ժամկետից ուշ, հստակեցնելով, որ մարզիկը պետք է դիմեր դեպքը տեղի ունենալուց հետո՝ 60 օրվա ընթացքում:

«Ինչպե՞ս կարող եք սա թույլ տալ: Դուք բոլորդ տեղյակ էիք, սակայն ոչինչ չէիք անում: Դա շարունակվում էր 20 տարի, սակայն ոչ մեկ ոչինչ չէր ձեռնարկում: Եթե դուք անգործության չմատնվեիք, ապա ես բռնության չէի ենթարկվի»,- դիմել է ֆեդերացիային Շմիդտը:

Հետաքրքիր է, որ 2018 թվականին Մաուրիցին երկրորդ անգամ հրապարակել է մանրամասներ՝ Կելահանի հետ համատեղ կյանքից ու դիմել է ԱՄՆ-ի սպորտի անվտանգության կենտրոն: Դրանից հետո մարզիչը ժամանակավորապես հեռացվել էր: Չնայած դրան, մարզիչը հերքել է բոլոր մեղադրանքները:

Մաուրիցին, իր հերթին, հանդիպում է ունեցել USFS-ի ներկայացուցիչների հետ Փհենյանի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ըստ գեղասահորդի՝  ֆեդերացիայից հայտնել են, որ ցանկանում են ուժեղացնել սեռական բռնության դեմ պայքարի միջոցառումները: Մարզիկը նաև հայտնել է, որ իրեն առաջարկել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների պաշտոններից մեկը:

Գեղասահորդների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի համար կարող են դիմել ոչ միյան Շմիդտն ու Մաուրիցին, այլ նաև ամերիկուհի Էշլի Վագները, որը օգոստոսի սկզբում հայտնել էր, որ բռնության զոհ է դարձել: Հատկապես նա մեղադրանք է ներկայացրել իր գործընկերոջ՝ Ջոն Կաֆլինի հանդեպ:

Իր մեղադրանքի մեջ նա հայտնել է, որ 2008 թվականի հունիսի մարզական հավաքի ավարտելու կապակցությամբ նրանք խնջույք են կազմակերպել: Կաֆլինը, որն այդ ժամանակ 22 տարեկան էր, սեռական բռնության է ենթարկել անչափահաս Վագներին:

Հատկանշական է, որ Կաֆլինի նկատմամբ մեղադրանք առաջին անգամ չէ, որ ներկայացնում են: Նախկինում ամերիկացի գեղասահորդի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին էր հայտնել նաև Բրիջիթ Նամիոտկան: 29-ամյա մարզիկը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ Կաֆլինի պատճառով տուժել է ամենաքիչը 10 մարզուհի:

Մարզուհու հայցն ընդդեմ Կաֆլինի քննում է նույն կազմակերպությունը՝ SafeSport-ը, որը զբաղվում է նաև Շմիդտի ու Կելահանի գործով:

Share |

Լրահոս

Loading...