Լեմպարդը պատասխանել է Մոուրինյուի քննադատությանը․ Խոսելը նրա աշխատանքն է

14:57 12.08.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի քննադատությանը։

Sky Sports-ում որպես փորձագետ աշխատող Մոուրինյուն հայտարարել էր, որ Լեմպարդը սխալ կազմ էր ընտրել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի (0-4) համար։

«Մոուրինյուին դո՞ւր չի եկել Մաունտան։ Նա իսկապե՞ս նման բան է ասել։ Լո՞ւրջ։ Ի՞նչ ասեմ, ես չեմ կարող վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերել միայն այն պատճառով, որ նրանք փորձառու են։ Մեկնարկային կազմում ընդգրկված ֆուտբոլիստների շնորհիվ «Չելսին» 45-60 րոպե առավելություն ուներ։

Բնականաբար, եղան անհատական սխալներ, որոնց պատճառով էլ 5 հարվածի արդյունքում 4 գոլ բաց թողեցինք։ Այսպես դաժան է իրականությունը մեզ համար։

Ինձ չեն հետաքրքրում մյուսների խոսքերը՝ ո՛չ փորձագետների, ո՛չ մասնագետների։ Խոսելը նրանց աշխատանքն է։ Ես այնպիսի կազմ եմ ընտրել, որին հավատում եմ և որի հետ պետք է աշխատեմ»,- Լեմպարդի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Share |

Լրահոս

Loading...