Առաջին խումբ․ Ուրարտու-2-ը հաղթել է 9-0 հաշով, Վան-Լոկոմոտիվ խաղն անավարտ է մնացել (այլ արդյունքներ)

21:52 13.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում օգոստոսի 12-ին և 13-ին կայացել են երկրորդ տուրի հանդիպումները։

Տուրի մեկնարկային խաղում «Վեստ Արմենիան» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Շիրակ-2»-ին։

«Վեստ Արմենիան», որն իր առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում, 3։0 հաշվով հաղթանակ է տարել։ Գոլեր են հեղինակել Դենիս Վոլկովը, Ռոման Ջիգկանը և Ստեփան Հարությունյանը, որը 90+2-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։

«Վեստ Արմենիա»-«Շիրակ-2»՝ 3:0

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Դենիս Վոլկով, 22, Ռոման Ջիգկան, 25, Ստեփան Հարությունյան, 90+2, 11մ

Տուրի մյուս խաղում «Ալաշկերտ-2»-ը 4։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Փյունիկ-2»-ի նկատմամբ։ Հաղթող թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Ախմեդ Ջինդոյանը, Արման Սարգսյանը, Արման Մանուկյանը և Միհրան Դերմենջյանը:

«Ալաշկերտ-2»-ն այս կերպ տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը։

«Ալաշկերտ-2»-«Փյունիկ-2»՝ 4:1 (1:1)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Թավաքալյան

Գոլերը՝ Ախմեդ Ջինդոյան, 42, Արման Սարգսյան, 72, Արման Մանուկյան, 83, Միհրան Դերմենջյան, 86 - Արշակ Եղիազարյան, 22 

Օգոստոսի 12-ին կայացած վերջին խաղում միմյաց հետ մրցել են «Տորպեդոն» և «Արարատ-Արմենիա-2»-ը։ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղը, որը «Տորպեդոյի» առաջին պաշտոնական հանդիպումն էր, ավարտվել է տանտերերի՝ 0։4 հաշվով պարտությամբ։

«Տորպեդո»-«Արարատ-Արմենիա-2»՝ 0:4 (0:2)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլերը՝ Հակոբ Խաչատրյան, 11, 89, Էրիկ Ղարիբյան, 39, Արսեն Գալստյան, 86

Եվս 4 հանդիպում կայացել է այսօր՝ օգոստոսի 13-ին։

«Անին» Երևանի «Փյունիկ» մարզադաշտում ընդունել է «Սևանին» և երկրորդ անընդմեջ պարտությունը կրել՝ այս անգամ նվազագույն հաշվով։

«Սևանի» կազմում միակ գոլը հեղինակել է Մհեր Սահակյանը՝ աչքի ընկնելով խաղի 61-րդ րոպեին։

«Անի»-«Սևան»` 0:1 (0:0)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլը՝ Մհեր Սահակյան, 61

Տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվել է «Մասիս»-«Ուրարտու-2» խաղում։ Հյուրերը, ովքեր նախորդ տուրում էլ 7։0 հաշվով հաղթել էին «Անիին», այս անգամ 9 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպումը կայացել է Ձորաղբյուրի մարզաբազայում։

Միանգամից 5 գոլ իր ակտիվում գրանցել է Էրիկ Պետրոսյանը, դուբլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի Մ19 հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը։

«Մասիս»-«Ուրարտու-2»՝ 0:9 (0:4)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլերը՝ Էրիկ Պետրոսյան, 12, 35, 39, 58, 11մ, 76, Հրաչյա Գեղամյան, 44, Ռուբեն Տիգրան Եսայան, 49, Արսեն Եղիազարյան, 89, 90+2

Իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել նաև «Դիլիջանը», որը, սակայն, սեփական հարկի տակ մրցելով «Արագածի» հետ, 1։5 հաշվով պարտություն է կրել։

«Դիլիջանի» կազմում միակ գնդակը հեղինակել է Սեմյոն Մուրադյանը, իսկ «Արագածի» առաջին հաղթանակին իրենց գոլերով նպաստել են Գրիգոր Հովհաննիսյանը, Արտյոմ Դորոժինսկին, Կիրիլ Կոչնևը, Ալեքսանդր Մորևը և Ալեն Համբարձումյանը։

«Դիլիջան»-«Արագած»՝ 1:5 (0:1)

Դիլիջան, UWC մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Սեմյոն Մուրադյան, 82 («Դիլիջան»), Գրիգոր Հովհաննիսյան, 3, Արտյոմ Դորոժինսկի, 62, Կիրիլ Կոչնև, 63, Ալեքսանդր Մորև, 70, Ալեն Համբարձումյան, 86 («Արագած»)

Տուրի վերջին խաղում ԲԿՄԱ-ն Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է «Արարատ-2»-ին և 2։1 հաշվով հաղթանակ տարել։ Բանակայինների կազմում գոլեր են հեղինակել Արամ Քոլոզյանն ու Ժիրայր Շաղոյանը, իսկ հյուրերի միակ գնդակը խփել է Դենիս Շևչուկը։

Բոլոր գոլերը խփվել են առաջին կեսում։

ԲԿՄԱ-«Արարատ-2»՝ 2:1 (2:1)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Արամ Քոլոզյան, 7, Ժիրայր Շաղոյան, 45+2 (ԲԿՄԱ) - Դենիս Շևչուկ, 22 («Արարատ-2»)


Նշենք՝ «Վան»-«Լոկոմոտիվ» խաղը, որն ընթացել է Չարենցավանում, անավարտ է մնացել։ Առաջին կեսից հետո «Վանը» հաղթելիս է եղել նվազագույն հաշվով, իսկ թե ինչ է տեղի ունեցել երկրորդ կեսում, դեռևս հայտնի չէ։

Share |

Լրահոս

Loading...