Չեմ կարծում, թե Շերիֆի հետ խաղի պատկերը կկրկնվի․ Սաբուրթալոյի մարզիչը՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին

19:06 13.08.2019

«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ շեշտել է, որ իր ֆուտբոլիստները լավ են հիշում մոլդովական «Շերիֆի» հետ խաղը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Սաբուրթալոն» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր մրցակցին, բայց Թբիլիսիում «Շերիֆը» 3։1 հաշվով հաղթանակ տարավ․  

«Մենք եվրագավաթային խաղերի մեծ փորձ ունենք, ինչն ավելի կարևոր կլինի ապագայի համար։ Մեր ֆուտբոլիստները լավ են հիշում «Շերիֆի» հետ խաղը։ Չեմ կարծում, թե նույն պատկերը կկրկնվի»,- հույս է հայտնել վրացական թիմի գլխավոր մարզիչն ու կարծիք հայտնել չորրորդ փուլի վիճակահանության մասին․

«Կարծում եմ՝ սա լավագույն տարբերակն է։ Չնայած՝ սկզբում պետք է հաղթահարել հայկական թիմի արգելքն ու հետո նոր մտածել չորրորդ փուլի մասին։ «Դյուդելանժը» հենդբոլի թիմ չէ․ անցած տարի նրանք խաղացել են Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Չեմ ցանկանում նախապես որևէ բան ասել»։

«Սաբուրթալոյի» գխավոր մարզիչն ընդգծել է նաև, որ լավ տպավորություն է ստացել Հայաստանի չեմպիոնից․

«Նրանք լավ թիմ ունեն՝ համալրված լեգեոներներով։ Երևանում որոշ դրվագներում մեր բախտը բերեց։ Ուրախ եմ, որ կարողացանք այդ խաղը հաղթանակով ավարտել։ Հեշտ հանդիպում չէր։ Նրանք կանեն ամեն հնարավոր բան՝ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Նրանք ոչինչ չունեն կորցնելու։

Մենք պատրաստ ենք ցանկացած խաղի։ Ինչպես միշտ, կխաղանք այնքան, որքան թույլ կտա մրցակիցը։ Կփորձենք հաղթել ու ուրախացնել մեր երկրպագուներին»,- վրացական թիմի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում «Սաբուրթալոյի» պաշտոնական կայքը։  

Հիշեցնենք՝ «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում վաղը՝ օգոստոսի 14-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

Երևանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1։2 հաշվով պարտություն է կրել։

Share |

Լրահոս

Loading...