Անհայտ անձինք խաղի ժամանակ վիրավորում էին մեր մարզչին. Լոկոմոտիվի պաշտոնական հայտարարությունը

15:14 14.08.2019

Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի երկրորդ տուրի շրջանակներում երեկ կայացած «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումը ծեծկռտուքի պատճառով անավարտ էր մնացել:

«Լոկոմոտիվը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ինչն ամբողջական տարբերակով ներկայացնում ենք ստորև.

««Լոկոմոտիվ» ՖԱ-ն պաշտոնապես հայտարարում է,որ 13.08.19թ.-ի ՀՀ Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի «Վան» Չարենցավան - «Լոկոմոտիվ» Երևան խաղի սկզբից «Վան» ՖԱ-ն չի ապահովել խաղի անցկացման անվտանգությունը։ Խաղի անվտանգությունն ապահովում էին ոստիկանության երեք աշխատակից,որոնք ֆիզիկապես չէին կարող որևէ վտանգավոր և սպառնալի քայլ վերահսկել։ Մինչ խաղի մեկնարկը և խաղի ժամանակ մարզադաշտում չկար կարգադրիչների բավարար քանակ(ՀՖՖ Անվտանգության և Ապահովության Կանանակարգի Հոդված 8)։ Նախօրոք մեզ խոստացված տրիբունան այդպես էլ մեզ չհատկացվեց, և «Լոկոմոտիվի» ղեկավարությունը խաղը դիտեց «Վանի» երկրպագուների կողքին։ Ամբողջ խաղի ընթացքում մեր տեխնիկական գոտու հարակից տարածքում կանգնած էին ֆուտբոլի հետ կապ չունեցող անհայտ անձիք,որոնք վիրավորական արտահայտություններով խոչընդոտում էին մեր մարզչի աշխատանքին։ Նաև տրիբունայից հնչում էին հայհոյանքներ մեր ուկրաինացի և վրացի ֆուտբոլիստների հասցեին,որը fair play-ի խախտում է։ Մեր թիմի պետի մշտական պահանջը,որ «Վան» ՖԱ-ն պարտավոր է մինչև խաղի ավարտն ապահովել մարզադաշտի անվտանգությունը, անտեսվեց։

Ցանկանում ենք նշել,որ ընդմիջման ժամանակ խաղադաշտ ներխուժեցին «Վանի» երկրպագուները,որը ՀՖՖ կանոնակարգի կոպիտ խախտում է։ Մեր համբերության բաժակը լցվեց դարպասապահի հետ կապված դրվագից հետո,երբ մրցավարի որոշման վերաբերյալ մեր ֆուտբոլիստներն արտահայտեցին իրենց դժգոհությունները,որը հանդիպեց «Վան» ակումբի կոշտ և կոպիտ պատասխանին(հայհոյանքներ,սպառնալիքներ)։ Ընդունում ենք,որ այդ ընթացքում ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացավ մեր ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանը,որի հետ մենք համաձայն ենք։ Մեր կրքերը հանդարտեցնելու ջանքերը ապարդյուն էին, քանի որ խաղադաշտ ներխուժեցին տրիբունայում հավաքված երկրպագուները և սկսեցին ֆիզիկական ուժ գործադրել։ Առաջացավ ֆուտբոլիստների անձնական անվտանգության և ազատ տեղաշարժման պահանջի։

Ես՝ «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանս, որոշեցի դիմել ոստիկանության ներկայացուցիչներին, որպեսզի ակումբի ֆուտբոլիստներին և անձնակազմին, ինչպես նաև անձի ազատ տեղաշարժման իրավունքի համաձայն տեղափոխեն անվտանգ գոտի։ Մենք գտնում ենք,որ մեր որոշումը տվյալ պահից ելնելով ճիշտ էր, քանի որ կարևորը ֆուտբոլիստների անվտանգությունն է։ Անձամբ ես խաղադաշտից դուրս գալուց դիմել եմ ներկա գտնվող ֆուտբոլասերներին, հայցել ներողամտություն իմ կայացրած որոշման հետ կապված։ Մենք բողոքով դիմելու ենք ՀՖՖ կարգապահական կոմիտե, մնացածը գտնվում է Ֆուտբոլի Ֆեդերացիայի իրավասության ներքո» - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ArmSport-ը այս թեմայի շուրջ զրուցել էր «Վանի» գլխավոր մարզիչ և ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանի հետ:

Share |

Լրահոս

Loading...