Նունու Էշպիրիտու Սանտու․ Կարևոր չէ, թե ինչ արդյունք ենք գրանցել Փյունիկի հետ առաջին խաղում

19:15 14.08.2019

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իրենք մոռանալու են առաջին խաղում գրանցված արդյունքը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում «գայլերը» հաղթել են 4-0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է վաղը «Մոլնինյու» մարզադաշտում։

«Կարևոր չէ, թե ինչ արդյունք ենք գրանցել առաջին խաղում։ Սա նոր խաղ է, նոր մարտահրավեր և լավ հանդես գալու հնարավորություն։ Կարևորն այն է, թե ամեն օր ինչպես ես ինքդ քեզ պատրաստում դիմակայությանը։ Դա է հաջողության բանալին»,- այսօր կայացած նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նունուն։

Պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ «Փյունիկը» լավ է անցկացրել առաջին հանդիպման մեկնարկային հատվածը․

««Փյունիկը» կոշտ թիմ է։ Առաջին խաղում նրանք շատ լավ մեկնարկեցին։ Մենք գոլ խփելուց հետո սկսեցինք լիովին վերահսկել խաղը և այդպես շարունակեցինք մինչև վերջ։ Վաղը նոր հանդիպում է։ «Փյունիկը» լավ ֆուտբոլիստներով համալրված թիմ է և հավանաբար, այստեղ է եկել իր նպատակներով։ Մենք պետք է կենտրոնացված և կազմակերպված լինենք ու ցուցադրենք մեր խաղը։ Կաշխատենք «Մոլինյուին» լավ խաղ պարգևել»,- ասել է «Վուլվզի» գլխավոր մարզիչը։


«Վուլվերհեմփթոն»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին:

 
Share |

Լրահոս

Loading...