Զուտ անգլիական եզրափակիչ. ինչ է պետք իմանալ Լիվերպուլ-Չելսի Սուպերգավաթի խաղի մասին

16:02 14.08.2019

Պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը լինելու է զուտ անգլիական. այսօր Ստամբուլի «Բեշիկթաշ Պարկ» մարզադաշտում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» ու Եվրոպա լիգայի հաղթող «Չելսին»:

Անկախ նրանից, թե որ թիմը կհաղթի առաջիկա խաղում, Անգլիան կունենա ՈւԵՖԱ-ի 8 Սուպերգավաթ: Այս առումով ռեկորդակիրն Իսպանիան է (15 գավաթ), որին հաջորդում է Իտալիան (9): 2013 թվականից ի վեր առաջին անգամ Սուպերգավաթը բաժին կհասնի ոչ իսպանական թիմի: Նախկինում Սուպերգավաթը մեկ երկրի ներկայացուցիչների միջև խաղարկվել է 7 անգամ. 2 անգամ եղել է իտալական դիմակայություն, 5 անգամ՝ իսպանական: 

Սուպերգավաթ. նույն ասոցիացիան ներկայացնող թիմերի միջև կայացած խաղերում գրանցված արդյունքները

  • 1990: «Միլան»-«Սամպդորիա»՝ 3:1 
  • 1993: «Պարմա»-«Միլան»՝ 3:0 
  • 2006: «Սևիլիա»-«Բարսելոնա»՝ 3:0 
  • 2014: «Ռեալ»-«Սևիլիա»՝ 2:0 
  • 2015: «Բարսելոնա»-«Սևիլիա»՝ 5:4 (լրացուցիչ ժամանակ) 
  • 2016: «Ռեալ»-«Սևիլիա»՝ 3:2 (լրացուցիչ ժամանակ) 
  • 2018: «Աթլետիկո»-«Ռեալ»՝ 4:2 (լրացուցիչ ժամանակ)

Ուշագրավ է, որ վերջին անգամ անգլիական թիմերից Սուպերգավաթը նվաճել է հենց «Լիվերպուլը», որը 2005 թվականին Մոնակոյում լրացուցիչ ժամանակում հաղթեց ԲԿՄԱ-ին: Դրանից հետո անգլիական թիմերը 4 անգամ պարտվել են Սուպերգավաթի խաղերում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 2008 և 2017 թվականներին, «Չելսին»՝ 2012 և 2013 թվականներին: 

«Լիվերպուլն» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարելու է 6-րդ անգամ: Մերսիսայդցիները տիտղոսը նվաճել են 1977 և 2005 թվականներին՝ որպես Չեմպիոնների գավաթ/Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2001 թվականին՝ որպես ՈւԵՖԱ-ի գավաթակիր: «Լիվերպուլը» պարտվել է 1978 և 1984 թվականների խաղերում:

«Լիվերպուլի»՝ Սուպերգավաթի համար խաղերում գրանցած արդյունքները

  • 1977: 7-1 «Համբուրգի» դեմ (1-1 դրսում, 6-0 տանը) 
  • 1978: 3-4 «Անդերլեխտի» դեմ (1-3 դրսում, 2-1 տանը) 
  • 1984: 0-2 «Յուվենտուսի» դեմ
  • 2001: 3-2 «Բավարիայի» դեմ
  • 2005: 3-1 Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ (լրացուցիչ ժամանակ)

«Չելսիի» համար սա Սուպերգավաթին համար չորրորդ հանդիպումն է: 1998 թվականին լոնդոնյան թիմը՝ Գավաթակիրների գավաթի կարգավիճակով նվազագույն հաշվով հաղթել է «Ռեալին»: Հաջորդ փորձերն անհաջողությամբ են ավարտվել. 2012-ին «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակրի կարգավիճակով, 1-4 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին», իսկ մեկ տարի անց ՈւԵՖԱ-ի գավաթակրի կարգավիճակով 11-մետրանոց հարվածաշարով զիջեց «Բավարիային»: 

«Չելսիի»՝ Սուպերգավաթի համար խաղերում գրանցած արդյունքները

  • 1998 - 1-0 «Ռեալի» դեմ
  • 2012 - 1-4 «Աթլետիկոյի» դեմ 
  • 2013 - 2-2 լրացուցիչ ժամանակ, 4-5՝ «Բավարայի» դեմ 

Ստամբուլը մրցակիցների համար անծանոթ քաղաք չէ

«Լիվերպուլի» պատմության մեջ Ստամբուլը յուրահատուկ տեղ ունի: Հենց այստեղ 2005 թվականին Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ  թիմը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ «Միլանի» հետ հանդիպման առաջին կեսում 3 գոլ բաց թողնելուց հետո: Այդ ժամանակ «Լիվերպուլը» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարով: Ուշագրավ է, որ Ստամբուլում անցկացրած խաղերի հիմնական ժամանակում «Լիվերպուլը» դեռևս չի հաղթել՝ 3 պարտություն, 2 ոչ-ոքի: 

«Կապույտները» Ստամբուլում 3 հանդիպում են անցկացրել՝ կրելով մեկ պարտություն, տոնելով մեկ հաղթանակ և մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղալով: 

Այդ խաղերն անցյալում են, իսկ առաջիկա հանդիպմանը թիմերը մոտենում են տարբեր կարգավիճակներով: Արդեն մի քանի տարի Յուրգեն Կլոպն իր ոճով և պահանջներին համապատասխան է կառուցում «Լիվերպուլը»: Ակումբում նրան վստահում են, տալիս ազատություն և հնարավորություններ, իսկ երկրպագուները գերմանացի մասնագետից միայն հաղթանակներ են ակնկալում: Կլոպն այնքան վստահ է իր ներկայիս կազմի վրա, որ ամռանը տրանսֆերային մեծ ծախսերից խուսափեց: Պետք է ընդգծել, որ ի դեմս Ալիսոն Բեկերի՝ «Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի առաջիկա խաղից առաջ: Դարպասապահը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:

Միևնույն ժամանակ, տրանսֆերային արգելքի տակ գտնվող «Չելսիի» խնդիրներն ավելի լուրջ են: Պրեմիեր լիգայում «կապույտներն» անչափ անհաջող մեկնարկեցին՝ 0-4 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»: Լեմպարդի «Չելսին» անցումային փուլում է և այժմ զգալիորեն զիջում է մրցակցին: 

Իսկ ի՞նչ է ասում վիճակագրությունը

«Չելսին» և «Լիվերպուլը» եվրագավաթներում հանդիպելու են 11-րդ անգամ: Ուշագրավ է, որ առաջին անգամ թիմերն ՈւԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակում հանդիպել են 2005 թվականին: Նախորդ 10 հանդիպումները եղել են Չեմպիոնների լիգայի շրջանակում. 5 դեպքում թիմերը ոչ-ոքի են խաղացել, 2 անգամ հաղթել է «Լիվերպուլը», 3 անգամ էլ՝ «Չելսին»:

Թիմերի եվրագավաթային առաջին հանդիպումը կայացել է 2004/05 մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում: Այդ դիմակայության միակ գոլն արձանագրվել է «Էնֆիլդում» կայացած խաղում, գոլի հեղինակ է դարձել Լուիս Գարսիան: «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ և Ստամբուլում կայացած լեգենդար խաղում հաղթեց «Միլանին»: 

«Չելսին» առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2007/08 մրցաշրջանում, երբ վերջապես ռևանշի հասավ «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» 1-1 հաշվով ավարտված հանդիպումից հետո լոնդոցիները պատասխան խաղի լրացուցիչ ժամանակում հաղթեցին 3-2 հաշվով: Երկրորդ գոլը խփեց «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչն Ֆրենկ Լեմպարդը: Լոնդոնցիների գլխավոր մարզիչն աչքի ընկավ նաև Մոսկվայում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ եզրափակչում, սակայն այդ գոլը «Չելսիին» չօգնեց խուսափել պարտությունից 11-մետրանոց հարվածաշարում՝ 5-6:

Նույն Լեմպարդն աչքի է ընկել նաև թիմերի՝ եվրագավաթում վերջին՝ 2008/09 մրցաշրջանի 1/4 եզրափակչի պատասխան խաղում: «Էնֆիլդում» կայացած առաջին խաղում «Չելսին» հաղթեց 3-1 հաշվով, իսկ Լոնդոնում կայացած պատասխան խաղում արձանագրվեց 4-4 հաշիվը: Լեմպարդը դարձավ «Չելսիի» երրորդ և չորրորդ գոլերի հեղինակը: Լոնդոնցիները դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ արտագնա գոլի կանոնով պարտվեցին «Բարսելոնային»: 

Ընդհանուր առմամբ, Ֆրենկ Լեմպարդը «Լիվերպուլի» դեմ 39 հանդիպում է անցկացրել՝ տոնելով 18 հաղթանակ (8 ոչ-ոքի, 13 պարտություն): Այդ խաղերում «ազնվականների» ներկայիս մարզիչը խփել է 7 գոլ:

Եթե հաշվի առնենք բոլոր մրցաշարերը, թիմերը խաղացել են 181 անգամ: «Լիվերպուլը» տոնել է 77 հաղթանակ, «Չելսին»՝ 63, 41 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Նախորդ մրցաշրջանում թիմերը հանդիպեցին Անգլիական լիգայի գավաթի երրորդ փուլի շրջանակում. «Էնֆիլդում» «Չելսին» հաղթեց 2-1 հաշվով: Պրեմիեր լիգայի՝ «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Լիվերպուլում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով:

Այս հանդիպումը պատմական է մեկ այլ տեսանկյունից ևս: ՈւԵՖԱ-ն հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել Ստեֆանի Ֆրապարին: Պատմության մեջ առաջին անգամ կին մրցավարը սպասարկելու է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող տղամարդկանց խոշոր մրցաշար: Հուլիսին ֆրանսուհին աշխատել է կանանց աշխարհի առաջնության եզրափակչում՝ սպասարկելով ԱՄՆ-ի և Հոլանդիայի հավաքականների միջև հանդիպումը, իսկ նախքան այդ աշխատել է կանանց Եվրոպայի առաջնությունում:

 
Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի
Share |

Լրահոս

Loading...