Լոկոմոտիվի նախագահը փչացրեց մեր տոնը․ Կարեն Բարսեղյանը՝ սկանդալային խաղի և ծեծկռտուքի մասին

13:51 14.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Վան» ֆուտբոլային ակումբը երեկ՝ օգոստոսի 13-ին, իր առաջին տնային խաղն էր անցկացնում Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում՝ հյուրընկալելով «Լոկոմոտիվին»:

Մարզադաշտի վերանորոգման աշխատանքներից հետո չարենցավանցիները հատուկ ոգևորությամբ էին սպասում այս խաղին: Առաջին խմբի առաջնությունը հազվադեպ է երկրպագուներով լի մարզադաշտ տեսնում: «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպմանը հետևելու էր եկել ավելի քան 1000 ֆուտբոլասեր: Թվում էր ֆուտբոլային տոնը ստացված է, սակայն խաղն անսպասելի զարգացում ստացավ․ ծեծկռտուքի պատճառով մնաց անավարտ:

ArmSport.am-ը փորձել է ստանալ իրադարձությունների ամբողջական պատկերը և հասկանալ՝ ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել:

«Լոկոմոտիվը» հայտարարություն էր տարածել, համաձայն որի, խաղադաշտում լարվածություն էր առաջացել հյուրընկալող կողմի անվտանգության ապահովման բացակայության և մրցավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: «Լոկոմոտիվի» ղեկավարությունը, անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող անձնակազմի անվտանգության համար, որոշել էր թիմը հանել խաղադաշտից, ինչից հետո ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն էր խնդրել մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից:

«Վան» ակումբի գլխավոր մարզիչ և փոխնախագահ Կարեն Բարսեղյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենք երկար ժամանակ պատրաստվել են այս խաղին՝ օրը երկրպագուների համար ֆուտբոլային տոն դարձնելու համար: Չնայած հանդիպման սկանդալային ավարտին՝ Կարեն Բարսեղյանը «Լոկոմոտիվին» համարում է արժանի մրցակից:

«Երկու ամսից ավել, օր ու գիշեր չարչարվել ենք ամբողջ անձնակազմով, որ առաջին տնային խաղը դարձնենք ֆուտբոլային տոն: Ապահովել էինք 1000 երկրպագուների ներկայությունը, իսկ Հայաստանի Առաջին խմբում շատ քիչ են այդքան մարդիկ ներկա լինում հանդիպումներին: Նրանք վայելել են խաղը, մենք նույնպես, ու պետք է նշեմ, որ շատ լավ մրցակցի դեմ էինք խաղում և արժանի հաղթանակ տարանք»- նշում է նորաստեղծ ակումբի գլխավոր մարզիչը:

Ինչպես արդեն հայտնի է, հանդիպման ավելացված ժամանակում խաղադաշտ է մտել «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը, ինչից հետո խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Նկատենք, որ մինչ ավելացված ժամանակը «Վանը» 1-0 հաշվով հաղթում էր «Լոկոմոտիվին»:

«Շատ լարված և դիտարժան հանդիպում էր: Թիմերն արժանի էին իրար: Սակայն հանդիպման խաղավերջում, չգիտես ինչ պատճառներով, «Լոկոմոտիվի» նախագահը որոշեց տոնը փչացնել, ներխուժեց խաղադաշտ և սպառնաց հանել իր թիմին, որից անմիջապես հետո հայհոյեց մեր ֆուտբոլիստին: Այս ամենի համար նա պետք է պատասխան տա:

Ես որպես ակումբի փոխնախագահ ոչ մեկին թույլ չեմ տա հայհոյել մեր ֆուտբոլիստներին»,- միջադեպն այսպես է մեկնաբանում Կարեն Բարսեղյանը:

Այն հարցին, թե որն էր «Լոկոմոտիվի» նախագահի՝ դաշտ մտնելու պատճառը, Բարսեղյանը պատասխանեց.

«Իրենց տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասում են, որ պատճառը մեր կողմից անվտանգություն չապահովելն ու մրցավարների կողմնակալ վերաբերմունքն էր: Ես մրցավարներից աշխատում եմ չխոսել: Ֆուտբոլը էմոցիոնալ սպորտ է, մենք էլ էմոցիոնալ մարդիկ ենք ֆուտբոլի մեջ, հնարավոր է արձագանքում ենք, դժգոհում ենք, բայց խաղից հետո երբևիցե չեմ խոսել մրցավարներից, առավել ևս հիմա, երբ ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել: Մրցավարի արդար դատելու որոշողը ես չեմ, եթե իրենք մրցավարական կոմիտեից են, թող խոսեն, բայց այդքանից հետո ներողություն խնդրել երկրպագուներից և ասել, որ դժգոհ են մրցավարների կողմնակալ վերաբերմունքից, իսկ հայտարարության մեջ նշել ֆուտբոլիստների անվտանգություն չապահովելը, ոչ պրոֆեսիոնալ է»-հայտարարում է Չարենցավանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը:

Այս ամենի հետ մեկտեղ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնում «Լոկոմոտիվի» մարզչական շտաբին իր խոսքերով՝ իրենց բարձր մակարդակի և պրոֆեսիոնալ պահվածքի համար:

Ի դեպ, ակումբների միջև վերջերս պայմանագիր էր կնքվել, համաձայն որի «Վանին» պատկանող Չարենցավանի մարզադաշտը կտրամադրվի «Լոկոմոտիվին» տնային հանդիպումներն անցկացնելու համար: Իրավիճակը, սակայն, փոխվել է երեկ կայացած հանդիպումից հետո: Կարեն Բարսեղյանը հայտարարում է, որ պայմանագիրը կլուծարվի:

«Հարկ եմ նշում ավելացնել, որ մենք մեծ սիրով ընդառաջել էինք «Լոկոմոտիվին» և շատ լավ պայմաններով մեր Չարենցավանի խաղադաշտը պետք է տրամադրեինք իրենց, որը մեծ քրտինքով կարգի էինք բերել, վերանորոգել էինք հանդերձարանը, սակայն իրենք խաղից հետո այդ նույն հանդերձանը թողել էին ոչ բարվոք վիճակում: Այն, ինչ իրենք կոտրել են, պարտավորվել են վերականգնել և միանշանակ, մենք լուծարելու ենք պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ և լավ կլինի, որ իրենք ուրիշ մարզադաշտ փնտրեն խաղալու համար»:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից ArmSport.am-ին հայտնում են, որ երեկվա հանդիպման ծեծկռտուքի միջադեպն անպայման առաջիկա երկու օրվա ընթացքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր նիստում կքննարկի և կկայացնի համապատասխան որոշում:

Դավիթ Գյուրջինյան

Share |

Լրահոս

Loading...