Իրանի և Եգիպտոսի պատվիրակները՝ Համահայկական խաղերի մասին. Սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին

20:52 15.08.2019

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենում օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։


Եգիպտոսը Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև՝ հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով:

1999 թվականից՝ հենց սկզբից, Պերճ Հալաջյանն ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն է դարձել Եգիպտոսում, և նրա ռեկորդը՝ 1,89 մ, 1966-1967 թվականներին երկար ժամանակ պահպանվել է:

Պերճ Հալաջյանը նշում է, որ համահայկական խաղերն իրեն կյանք են տալիս, ապրելու իմաստ, քանի որ սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին: Նա պատմում է, որ երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում, և շատ տպավորվում են, երբ Եգիպտոսի անապատներով ճամփորդելուց հետո տեսնում են Հայաստանի անտառները, լեռներն ու ձորերը. մի բան է այդ ամենի մասին կարդալ գրքերում, մեկ այլ՝ տեսնել անձամբ:

Արցախում կայացած բացումը և անցկացրած մի քանի մրցումն աննախադեպ է համարում Պերճ Հալաջյանը.

«Աշխարհում սփռված հայերը միավորվեցին Արցախում, ճանաչեցին իրար և ցույց տվեցին մեր անպարտելի կամքը»,- ասել է նա:

Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերում անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին, կարծում է Պերճ Հալաջյանը՝ հավելելով, որ հայությունը պետք է միավորվի:

Համահայկական 7-րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բավականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է նաև Իրանի պատվիրակությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը հավաստիացնում է, որ խաղերի 20-ամյա պատմության մեջ գրեթե միշտ Իրանն ամենաշատ մասնակիցներն է ունեցել՝ լինելով Համահայկականի հիմնադիրներից:

Ըստ կոմիտեում Իրանի ներկայացուցչի՝ դժվարությունները պայմանավորված են լինում միայն այդ երկրի տնտեսական վիճակով, բայց օգնության են հասնում իրանահայ հովանավորները, և ազգային կազմակերպությունների հետ միասին հաջողվում է ամեն ինչ անցկացնել հավուր պատշաճի:

 

«Որպես Հայաստանի հարևան երկիր, ուր մեծ գաղութ կա, Իրանն առանձնահատուկ ոգևորությոմբ է մասնակցում Համահայկական խաղերին»,- նշում է Հենրիկ Խալոյանը: Նա ընդգծում է, որ հատկապես խանդավառող էր այս տարվա բացումը, որն առաջին անգամ կայացավ Արցախում: Նույն կարծիքն ունեն բոլոր երկրների մասնակիցները:

Սպորտը երիտասարդներին կրթելու մաքրամաքուր ձև է, և այդ կերպ Համահայկական խաղերը միավորում են հայությանը, երիտասարդների մեջ միասնականություն ձևավորում: Նման համոզմունք ունի Հենրիկ Խալոյանը, որի պնդմամբ՝ Հայաստանի անկախանալուց ի վեր տարբեր ծրագրեր են իրականացվել, սակայն ժամանակն ապացուցել է, որ Համահայկական խաղերը լավագույնն են հայապահպանության գործում:

Share |

Լրահոս

Loading...