Պետրոս Ավետիսյան․ Մեր նպատակը միայն սա չէ․ առջևում կա ևս մեկ փուլ

00:55 15.08.2019

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլը հաղթահարելուց հետո հայտարարել է, որ ինքն ու թիմակիցներն այս արդյունքով չեն բավարարվելու։

Հիշեցնենք, որ վրացական «Սաբուրթալոյի» հետ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտություն է կրել, իսկ պատասխան խաղում հաղթել է 2-0 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ։

«Վրաստան էինք եկել փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով։ Տեսանք, որ շատ երկրպագուներ էին եկել և գիտեինք, որ չի կարելի նրանց հիասթափեցնել։ Կարողացանք հաղթել շատ մեծ աշխատանքի շնորհիվ։ Շատ ուրախ ենք, թիմում շատ լավ մթնոլորտ է։

Արեցինք այն, ինչ դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը սա չէ․ առջևում կա ևս մեկ փուլ։ Այսօր կնշենք, կուրախանանք և կմոռանանք այս հանդիպումը։ Կպատրաստվենք արդեն Հայաստանի առաջնությանը և փլեյ-օֆֆի խաղերին»,- խաղից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավետիսյանը։

Պետրոս Ավետիսյանն ընդգրկված չէր «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում և 11-մետրանոց նշակետից գրավեց մրցակցի դարպասը։ Կիսապաշտպանը նշեց, որ հարվածից առաջ լարվածություն չի զգացել․ 

«Պարզ էր, որ երկրորդ կեսում անհրաժեշտ է լինելու հարձակվողական ֆուտբոլ խաղալ։ Մեզ անպայման 2 գոլ էր պետք։ Ուրախ եմ, որ դուրս եկա փոխարինման և կարողացա խփել այդ երկրորդ գոլն ու օգնել թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ։ Կարևոր է, որ թիմում միասնական լինենք։

Նշանակություն չունի, թե ով է մեկնարկային կազմում։ Ով էլ փոխարինման է մտնում, պետք է անմնացորդ նվիրվի և խաղա թիմի համար։ Հենց դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել հաջողության։ Լարվածություն չկար, վստահ մոտեցա և գիտեի, որ գոլ եմ խփելու»։

Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Դյուդելանժի» հետ։

Share |

Լրահոս

Loading...