Լիվերպուլը նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ Չելսիին հաղթելով 11-մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)

01:47 15.08.2019

Պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարեցին Անգլիան ներկայացնող թիմերը։

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» և Եվրոպա լիգայի հաղթող «Չելսիի» միջև հանդիպումը կայացավ Ստամբուլում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում Յուրգեն Կլոպի և Ֆրենկ Լեմպարդի թիմերը հաղթողին չորոշեցին։

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 36-րդ րոպեին Կրիստիան Պուլիշիչի փոխանցումը գոլով եզրափակեց Օլիվյե Ժիրուն։

Թիմերն ընդմիջման գնացին «Չելսիի» նվազագույն առավելության պայմաններում, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Լիվերպուլը» վերականգնեց հավասարությունը՝ 48-րդ րոպեին աչքի ընկավ Սադիո Մանեն։

Հանդիպման հիմնական ժամանակում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 95-րդ րոպեին Մանեն տպավորիչ գոլով դուբլ ձևակերպեց, սակայն Յուրգեն Կլոպի թիմի ուրախությունը, երկար չտևեց․ 101-րդ րոպեին Ժորժինյոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Այս գոլից հետո հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան, և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։

Հետխաղյա հարվածաշարում առավել դիպուկ էին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ 5-4։ «Լիվերպուլի» 11-մետրանոցներն իրացրին Ֆիրմինյոն, Ֆաբինյոն, Օրիգին, Ալեքսանդր-Առնոլդը և Սալահը։ «Չելսիից» դիպուկ էին Ժորժինյոն, Բարկլին, Մաունտը, Էմերսոնը, սակայն վրիպեց Թեմի Աբրահամը։

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ

«Լիվերպուլ»-«Չելսի»՝ 2-2 (հիմնական և լրացուցիչ ժամանակ)
Մանե 48՛, 95՛ - Ժիրու 36՛, Ժորժինյո 101՛ (11-մետրանոց)
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար՝ 5-4

Share |

Լրահոս

Loading...