Ալեքսանդր Կարապետյան. Դյուդելանժը նախորդ տարվա համեմատ թուլացել է

10:40 16.08.2019

ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից «Դյուդելանժն» այս տարի այնքան ուժեղ չէ, որքան՝ նախորդ տարի: AFG-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգը ներկայացնող ակումբի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը, որն այժմ հանդես է գալիս ռուսական «Սոչիի» կազմում:

Նախորդ տարի, հիշեցնենք, «Դյուդելանժը» խաղացել է ԵԼ-ի խմբային փուլում.

«Կարծում եմ՝ բարդ խաղ կլինի «Արարատ-Արմենիայի» համար: Բայց պետք է ասեմ, որ «Դյուդելանժը» նախորդ տարվա համեմատ թուլացել է: Թիմի առաջատարներից շատերը տեղափոխվել են բելգիական «Վիրտոն»: Այն ևս պատկանում է ակումբի նախագահ Ֆլավիո Բեկային: Նա Լյուքսեմբուրգի ամենահարուստ մարդն է: Մի շարք ֆուտբոլային ակումբներ ունի, այդ թվում՝ գերմանական «Կայզերսլաուտերնը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը և հաշվի վերաբերյալ կանխատեսում արել.

«Կարծում եմ՝ Երևանում կգրանցվի 1:1 հաշիվը, իսկ Լյուքսեմբուրգում՝ 2:1, բայց ես հույս ունեմ, որ «Արարատ-Արմենիան» կանցնի հաջորդ փուլ»,- եզրափակել է իր խոսքը Ալեքսանդր Կարապետյանը, որը 2013/14 մրցաշրջանում է հանդես եկել «Դյուդելանժի» կազմում:

Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա օգոստոսի 22-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...