Ինչպես Արարատ-Արմենիան պատմություն կերտեց. Armsport-ի ֆոտոլրագրողի փոքրիկ ֆիլմը մեծ հաջողության մասին

20:48 16.08.2019

Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է գրանցվել: Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ տարվա չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում Վարդան Մինասյանի թիմը հաղթահարեց վրացական «Սաբուրթալոյի» արգելքը: Առաջին խաղը կայացավ Երևանում՝ ավարտվելով Վրաստանի չեմպիոնի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կայացավ Վրաստանում:

Հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր էջերից մեկը կերտվեց հենց Թբիլիսում: «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-0 հաշվով ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:


Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ArmSporta.am-ը: Թբիլիսում է եղել նաև ArmSport-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը: Նա փոքրիկ ֆիլմ է պատրաստել Վրաստանում կայացած խաղի մասին, ինչպես նաև կիսվել իր տպավորություններվ՝ պատմական օրվա վերաբերյալ.

«Լրագրողական աշխատանքը, հատկապես սպորտային միջոցառումների ժամանակ, առանձնանում է, քանի որ պետք է ամբողջ ընթացքում պահպանել սառնասրտություն, լինել ուշադիր ամեն մանրուքի նկատմամբ։ Հատկապես այդ սառնասրտությունը պետք է եթե աշխատում ես որպես ֆոտոլրագրող։ «Արարատ-Արմենիա»-ի արտագնա հանդիպումն ընդդեմ Վրաստանի չեմպիոնի խոստանում էր հետաքրքիր անցնել, ըստ այդմ հավելյալ «աչքերը» չէին խանգարի։ 

Միշտ ակումբների արտագնա խաղերի ժամանակ աշխատելը  յուրահատուկ միջավայր է խոստանում՝ երկրպագուներ, երկրպագուական մրցակցություն տանտերերի ու հյուր ակումբի ֆաների միջև, թեժ մթնոլորտ ու ոչ միայն։

«Սաբուրթալոյի» հետ խաղն ինչպես և սպասվում էր թեժ ու հետաքրքիր ստացվեց՝ բախումներով, գեղեցիկ ու դինամիկ դրվագներով, որոնք կարող եք գտնել Armsport-ի ֆոտոշարքում, սակայն իր հերթին շատ հետաքրքիր էր շուրջֆուտբոլային մթնոլորտը։ Ճիշտն ասած, քանի որ առաջին անգամ չէ, որ հայկական ակումբների կամ հավաքականի հետ մեկնում ենք արտագնա հանդիպումներ լուսաբանելու, պետք է խոստովանենք, որ կազմակերպչական առումով վրացական կողմը շատ էր թերացել։

Չենք խոսում անգամ հաճելի ինչ-որ պահերի կամ պարզապես ընկերական միջավայրի մասին, որը ըստ էության գոյություն չուներ։ Չկար լրագրողների աշխատանքի համար այն միջավայրը, որն օրինակ ապահովում են ՀՖՖ-ն կամ հայկական ակումբները «Հանրապետական» մարզադաշտում․ հսկիչները փորձում էին խուսափել ռուսերեն խոսելուց, այն դեպքում, երբ նորմալ չեն էլ կարողանում խոսել անգլերեն։

Այդուհանդերձ, աշխատանքային ամենաթերի պայմաններով այդ հանդիպումն արդյունքում դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի մեծագույն նվաճման վկայականը։

Վերջում առաջարկում ենք դիտել Գևորգ Ղազարյանի պատրաստած փոքրիկ ֆիլմը՝ «Ֆոտոլրագրությունը ներսից | «Սաբուրթալո» 0-2 «Արարատ-Արմենիա» հանդիպման մասին։      

 

Share |

Լրահոս

Loading...