ԵԼ. Փյունիկն Անգլիայում նույնպես պարտվեց ու դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

00:36 16.08.2019

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան որակավորման երրորդ փուլի հանդիպումները: Երևանի «Փյունիկն» այս փուլում մրցում էր անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:

Ալեքսանդր Տարխանովի ֆուտբոլիստները մինչ երրորդ փուլ հասնելը պայքարից դուրս էին թողել մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»:

Որակավորման երրորդ փուլում հայկական թիմին, իրոք, լուրջ մրցակից էր բաժին հասել, որին առաջին խաղում Երևանում պարտվել էր 0-4 հաշվով:

Պատասխան խաղում Հայաստանի նախորդ առաջնության փոխչեմպիոնը կրկին պարտվեց: Նունու Էշպիրիտու-Սանտուի խաղացողները կարողացան հաղթանակի հասնել կրկին 4-0 հաշվով:

Առաջին խաղակեսում, սակայն, երևանյան թիմը պայքարեց ու ընդմիջման գնաց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում:

Հանդիպման 54-րդ րոպեին Նետուն բացեց հաշիվը: Ընդամենը 4 րոպե անց Գիբս-Ուայտը խփեց երկրորդ գոլը:

«Փյունիկը» երկրորդ կեսում արդեն չհասցրեց մրցակցի հետևից, չնայած արեց առավելագույնը: Անգլիական թիմը խաղավերջում երկու գոլ էլ խփեց: 64-րդ րոպեին աչքի ընկավ Վինագրեն, իսկ 87-րդ րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ժոտան:

 

 

 

Այսպիսով, «Փյունիկը» ընդհանուր 0-8 հաշվով պարտվում է ու լքում Եվրոպա լիգայի մրցաշարը:

Հիշեցնենք, որ հայկական ակումբները դեռ չեն ավարտել իրենց ելույթները եվրագավաթներում: «Արարատ-Արմենիան», հաղթահարելով «Սաբուրթալոյի» արգելքը, դուրս է եկել փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Դյուդելանժի» հետ:

Share |

Լրահոս

Loading...