Հավերժ մրցակիցները և Վան Դեյկը․ Ո՞վ է արժանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

20:30 16.08.2019

Հավերժ մրցակիցներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի պայքարին այս անգամ խառնվել է Վիրջիլ վան Դեյկը: Այս եռյակից մեկը կստանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Փորձենք հասկանալ՝ նրանցից յուրաքանչյուրը որ արժանիքի համար է հավակնում ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Ովքե՞ր են ընտրում լավագույնին

Հավակնորդներին ընտրում է ժյուրին, որի մեջ մտնում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի խմբային փուլի մասնակից թիմերի մարզիչները (80 մարզիչ), ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաներից 50 լրագրող: Ժյուրիի անդամները կազմում են իրենց եռյակները. առաջին հորիզոնականի համար տրվում է 5 միավոր, երկրորդի՝ 3, իսկ երրորդի՝ 1: Մարզիչներն իրավունք չունեն քվեարկելու իրենց թիմի ֆուտբոլիստի օգտին: Բացի վերոնշյալ եռյակից, լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները:

4 - Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական) - 57 միավոր

5 - Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալ) - 51 

6 - Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս) - 49 

7 - Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ», Բելգիա) - 38 

8 = Մատեյս Դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս», Հոլանդիա) - 27 

8 = Ֆրենկի Դե Յոնգ («Այաքս»/«Յուվենտուս», Հոլանդիա) - 27 

10 - Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) - 12 

Մի քանի օրից պարզ կլինի, թե ինչպես են բաշխվել ձայները Մեսսի, Ռոնալդու, Վան Դեյկ եռյակում, իսկ մինչ այդ վերհիշենք նրանց՝ նախորդ մրցաշրջանի առանցքային պահերը: 


«Յուրաքանչյուր հանդիպման մեկնարկային րոպեները նա ծախսում է ուսումնասիրության վրա։ Ուսումնասիրում է մրցակցի պաշտպանների դիրքերը, ֆիքսում դրանք իր գլխում։ Խաղը շարունակվում է, նա աստիճանաբար սկսում է միացնել իրեն՝ արդեն իմանալով մրցակցի թույլ կողմերը»,- Մեսսիի մասին ասում է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։ 

Նախորդ մրցաշրջանում Մեսսին դարձել է Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, մասնակցել է Իսպանիայի Գավաթի եզրափակչին, դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու և ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: 

Մեսսին Չեմպիոնների լիգայում

Խաղ - 10
Գոլ - 12
Գոլային փոխանցումներ - 3

Մեսսին Իսպանիայի առաջնությունում

Խաղ - 34
Գոլ - 36
Գոլային փոխանցումներ - 15

Մի կողմից բարդ է մոռանալ Մեսսիի և թիմակիցների՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլից» կրած ամոթալի պարտությունը, մյուս կողմից արգենտինացին անհատական տեսանկյունից հիանալի մրցաշրջան է անցկացրել: 12 գոլ և 3 գոլային փոխանցում Չեմպիոնների լիգայում, իսկ «Լիվերպուլի» հետ առաջին խաղում Մեսսին պարզապես բարձունքում էր, նրա տուգանայինի մասին մինչ օրս էլ հիացական մեկնաբանություններ են հնչում: 

Բարդ է մոռանալ, որ Չեմպիոնների լիգայի հենց առաջին տուրի՝ ՊՍՎ-ի հետ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ՝ Մեսսին մրցաշարում ռեկորդ գրանցեց: Նրանից առաջ ոչ ոքի չէր հաջողվել ՉԼ-ում 8 անգամ հեթ-տրիկ ձևակերպել: Բացի այդ, հունվարին «Էյբարի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ՝ Մեսսին խփեց Իսպանիայի առաջնությունում իր 400-րդ գոլը, ինչը ևս բացառիկ ցուցանիշ է: Դրա համար Մեսսիից պահանջվեց 435 հանդիպում: 

 

 

«Ռոնալդուի խաղը բնութագրելու համար շատ ածականներ են պետք: Ես նրան մարզել եմ դեռևս 2003 թվականին և հասկացել եմ՝ ինչերի կարող է հասնել: Կրիշտիանուն հանճար է: Կան հանճարեղ նկարներ և քանդակներ, իսկ Ռոնալդուն հանճար է ֆուտբոլում»,- ասում է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը: 

2018/19 մրցաշրջանում Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հաղթեց Ազգերի լիգայում, «Յուվենտուսի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն երկրորդն էր «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում: 

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում

Խաղ - 9
Գոլ - 6
Գոլային փոխանցումներ - 2

Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում

Խաղ - 31
Գոլ - 21
Գոլային փոխանցումներ - 8

Չեմպիոնների լիգայում հաղթանակը «Յուվենտուսի» համար երազանք է վերջին տարիներին: Գաղտնիք չէ, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հարցում ՉԼ-ում հաղթանակի հավանականությունը մեծացնելը ևս զգալի դեր է խաղացել: Ոչ ամենահեշտ խմբային փուլից հետո Ռոնալդուն ու թիմակիցները հանդիպեցին «Աթլետիկոյին»: Առաջին խաղում թուրինցիները պարտվեցին 0-2 հաշվով, սակայն պատասխան խաղում Ռոնալդուն աշխարհի լավագույն պաշտպանություն ունեցող թիմերից մեկի դարպասը 3 գոլ խփեց՝ ապացուցելով, որ իր համար անհնարին ոչինչ չկա: Հետո Ռոնալդուն աչքի ընկավ «Այաքսի» հետ քառորդ եզրափակիչ փուլի խաղերում, սակայն դա չբավարարեց կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար: 

Բացի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղից, Ռոնալդուն այլ դրական հիշողություններ էլ ունի նախորդ մրցաշրջանից: Բավարար է հիշել «Սասուոլոյի» հետ սեպտեմբերին կայացած խաղում ձևակերպած դուբլը, որի միջոցով նա հատեց ազգային առաջնություններում խփած 400 գոլի սահմանը: Շվեյցարիայի հետ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը, երբ Ռոնալդուրն նախ առաջ մղեց իր թիմին, ապա 1-1 հաշվի ժամանակ աչքի ընկավ 88-րդ և 90-րդ րոպեներին, ևս անմոռանալի խաղերի շարքից է։

 

 

«Վան Դեյկի ուժեղ կողմերի և ունակությունների մասին կարելի է գիրք գրել: Նա դեռ երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ անչափ հասուն ֆուտբոլիստ է»,- ասել է Յուրգեն Կլոպը:

Վիրջիլ վան Դեյկի համար մրցաշրջանն ավելի դրական էր՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Ազգերի լիգայի և Անգլիայի առաջնության արծաթե մեդալակիր, Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով լավագույն ֆուտբոլիստ: 

Վան Դեյկը Չեմպիոնների լիգայում

Խաղ - 12
Գոլը - 2
Գոլային փոխանցումներ - 2

Վան Դեյկն Անգլիայի առաջնությունում

Խաղ - 38
Գոլ - 4
Գոլային փոխանցումներ - 2

Երբ 2018 թվականի հունվարին Վիրջիլ վան Դեյկը համալրեց «Լիվերպուլի» կազմը, նրանցից սպասելիքները շատ մեծ էին, սակայն քչերը կարող էին պատկերացնել, որ հոլանդացի պաշտպանն այդքան մեծ ազդեցություն կունենա Յուրգեն Կլոպի թիմի խաղի վրա: 

Սառնասրտության և ֆիզիկական իդեալական տվյալների շնորհիվ Վան Դեյկը կարգի բերեց «Լիվերպուլի» պաշտպանությունը: Նախորդ մրցաշրջանում թոփ-5 առաջնությունների պաշտպանների շրջանում 28-ամյա Վան Դեյկն անցկացրել է ամենաշատ թվով «չոր» հանդիպումները: Բացի այդ, Վան Դեյկը միակն է թոփ-5 առաջնություններում, որը 1000-ից ավելի րոպե է անցկացրել խաղադաշտում և ոչ ոք նրան չի շրջանցել:

Վիրջիլը տպավորիչ մրցաշրջանից կհիշի նաև Ազգերի լիգան, Մանուել Նոյերի դարպասը խփած գոլը, «Բավարիայի» հետ հանդիպումները, Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

Եթե Ռոնալդուի և Մեսսիի համար 2018/19 մրցաշրջանը համեմված էր ուրախ և տխուր պահերով, անհատական նվաճումներով ու թիմային ձախողումներով, ապա Վան Դեյկը դժգոհելու առիթներ գրեթե չունի: Իսկ, թե ինչ են հաշվի առել ժյուրիի անդամները քվեարկության ժամանակ, պարզ կդառնա մի քանի օրից...

Share |

Լրահոս

Loading...