Զիդան․ Խամեսը պատրաստ է, և ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է

17:20 16.08.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետը խոսել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի ՈՒ Խամեսի մասին։ Զիզուն անգամ անդրադարձել է Պոգբայի ու Նեյմարի տրանսֆերային շշուկներին։

«Մենք ուզում ենք սկսել հենց հիմա։ Սպասում ենք Լա լիգայի նոր մրցաշրջանին ու շատ ուրախ ենք։ Խամեսը պատրաստ է, և ես շատ ուրախ եմ, որ նա մեզ հետ է»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Խոսելով Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Զիդանը ասաց հետևյալը․

«Թվում էր, թե Գարեթը մոտ է հեռանալուն, սակայն հիմա նա այստեղ է։ Ես հույս եմ դնելու նրա վրա այնպես, ինչպես բոլոր մնացած ֆուտբոլիստների վրա։ Հույս ունեմ, որ թիմում բոլորը կբարդացնեն իմ գործը, ու ես կդժվարանամ մեկնարկային կազմ ընտրելիս»։ 

Նեյմարի և Պոգբայի հավանական տեղափոխությունների մասին պատասխանելիս Զիդանը հիշեցրեց, որ նրանք «Ռեալի» ֆուտբոլիստներ չեն, և պետք է հարգել այդ հանգամանքը։ 

Լա լիգայի առաջին տուրում «սերուցքայինները» Վիգոյում հյուրընկալվելու են «Սելտային»։ Հանդիպումը կկայանա շաբաթ և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...