Առաջին խումբ. Ուրարտու-2-ն ու Վանը ջախջախիչ հաղթանակներ են տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)

23:54 17.08.2019

Օգոստոսի 16-ին և 17-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրի հանդիպումները:

Տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն մրցել է «Արագածի» հետ և 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Բանակայինների կազմում գոլեր են հեղինակել Ժիրայր Շաղոյանը, Նարեկ Աղասարյանն ու Արման Քիշմիշյանը:

Հիշեցենք՝ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները խաղից մեկ օր առաջ կրակային պատրաստություն էին անցել:

Նշենք՝ «Արագածը» ԲԿՄԱ-ին հյուրընկալել էր «Բանանց-3» մարզադաշտում: Տանտերերի միակ գոլը խփել է Ալեն Կարապետյանը՝ 59-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

«Արագած»-ԲԿՄԱ՝ 1:3 

Երևան, «Բանանց-3» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Ժիրայր Շաղոյան, 33՝ 0:1, Նարեկ Աղասարյան, 45+2՝ 0:2, Ալեն Կարապետյան, 59՝ 1:2, Արման Քիշմիշյան՝ 1:3

Տուրի մյուս խաղում «Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Մասիսին» և 3:2 հաշվով հաղթանակի հասել:

«Սևանի» կազմում գոլեր հեղինակել Արամ Լոռեցյանը, որն աչքի է ընկել ֆանտաստիկ գնդակով, Արեգ Ազատյանը և Մհեր Սահակյանը, որն 90-րդ րոպեին խփած գոլով հաղթանակ է պարգևել տանտերերին:

«Սևան ՖԱ»-«Մասիս»՝ 3:2

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Ռուզաննա Պետրոսյան

Գոլերը՝ Արամ Լոռեցյան, 15՝ 1:0, Արեգ Ազատյան, 20՝ 2:0, Միխայիլ Պապով, 63՝ 2:1,  Իվան Երոխին, 67՝ 2:2, Մհեր Սահակյան, 90՝ 3:2

Առաջին խմբի շրջանակում իր առաջին հանդիպումն է անցկացրել «Լեռնային Արցախը», որը նախորդ երկու տուրերը բաց էր թողել Համահայկական խաղերին մասնակցելու պատճառելով: 

Նորաստեղծ թիմը Սիսիանի Քաղաքային մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտ-2»-ին: Թիմերին չի հաջողվել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

«Լեռնային Արցախ»-«Ալաշկերտ-2»` 0:0

Սիսիան, Քաղաքային մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Երրորդ տուրի մյուս 5 հանդիպումները կայացել են այսօր՝ օգոստոսի 17-ին:

«Արարատ-2»-ը Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Վանին» և 6 պատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը:

Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում գոլեր են հեղինակել Արմեն Խաչատրյանը, Սոսլանբեկ Ձագոևը, Կվասի Եզան, Ջամբոլատ Խաստսաևը և Նիկիտա Անդրեևը, որը դուբլ է ձևակերպել:

3-րդ տուրում հաղթանակ է տարել նաև «Լոկոմոտիվը»: Թիմը նախկին «Միկա» մարզադաշտում ընդունել է «Տորպեդոյին» և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:

«Լոկոմոտիվի» կազմում գոլեր են հեղինակել Եվգենիյ Զախարչենկոն, Կարապետ Մանուկյանը, Ալեկսեյ Բոյկոն և Օլեգ Լուցենկոն, իսկ «Տորպեդոյի» առաջին պաշտոնական գոլը հեղինակել է ճապոնացի Չիբա Մասատոուն:

Իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Վեստ Արմենիան», որը հյուրընկալվել է «Փյունիկ-2-»-ի կողմից և 5:2 հաշվով հաղթանակի հասել:

«Վեստ Արմենիայի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Սերգեյ Օրլովը, դուբլի հեղինակ է դարձել Անդրեյ Զորինը:

Եվս մեկ հանդիպում տեղի է ունեցել Գյումրիում: Քաղաքային մարզադաշտում «Շիրակ-2»-ն ընդունել է «Անիին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Տուրի վերջին և ամենագոլառատ խաղը տեղի է ունեցել Երևանում: «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Դիլիջանին» և 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

«Ուրարտու-2»-ի կազմում գոլեր են հեղինակել Դավիթ Պապիկյանը, Էրիկ Պետրոսյանը, Էրիկ Վարդանյանը, Գևորգ Տարախչյանը և Ռուբեն Եսայանը, որը հեթ-տրիկ է ձևակերպել:

Այս հաղթանակից հետո Արամ Հակոբյանի սաները միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը ՝ 9 միավորով, խփել են 23 գնդակ և սեփական դարպասը պահել են անառիկ:

Share |

Լրահոս

Loading...