Նա աշխատում է ու աշխատում. հայտնի մարզիչը Գոռ Երիցյանին համեմատում է Մենի Պակյաոյի հետ

14:31 17.08.2019

24-ամյա հայ միջին քաշային բռնցքամարտիկ (մինչև 66,7 կգ) Գոռ Երիցյանը (11-0, 9 նոկաուտ) հայտնվել և մնացել է ամերիկացի մարզիչ Ֆրեդի Ռոուչի դահլիճում այն ժամանակ, երբ մասնագետը լեգենդար Մենի Պակյաոյին պատրաստում էր Կիտ Տերմանի դեմ մենամարտին: Ռոուչը ուրախանում է նոր մարզիկով և ասում, որ նա շատ լավ և ունիվերսալ մարտիկ է՝ երկու ձեռքերում էլ հզոր ուժ ունենալով:

«Գոռն ինձ հիշեցնում է երիտասարդ Պակյաոյին», - Ռոուչի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

«Քրտնաջան մարզվում է դահլիճում առաջին օրվանից։ Շատ ուշադիր լսում է, միշտ համազգեստով է ու կարգապահ: Աշխատում, աշխատում, աշխատում է... Ճիշտ այնպես, ինչպես Պակյաոն: Նման մոտեցումն ինձ դուր է գալիս»։

Գոռի խոսքով՝ Ռոուչից նման հաճոյախոսությունների արժանանալը չափազանց հաճելի է և պարտավորեցնում է աշխատել էլ ավելի բարձր մակարդակով։

«Ես միշտ առաջինն եմ դահլիճում և վերջինն եմ հեռանում այնտեղից։ Մենք  հիանալի համագործակցում ենք Ֆրեդիի հետ:Նա հիանալի խորհուրդներ է տալիս սպարինգի ժամանակ և նկատում անգամ փոքրիկ սխալները, քանի դեռ դրանք սովորություն չեն դարձել», - ասել է Գոռը։

Ամերիկացի մարզիչը չի շտապում երկարաժամկետ կանխատեսումներ անել և միայն զգուշորեն նշում է, որ իր մարզիկը մեծ պոտենցիալ ունի աշխարհի չեմպիոն դառնալու համար: Իսկ մինչ այդ Երիցյանը ԱՄՆ-ում հաղթանակի հասավ Դերիոն Չեփմենի նկատմամբ (3-4, 2 նոկաուտ)։

 

Share |

Լրահոս

Loading...