Վարդան Մինասյան․ Այս խաղում մեզ ավելի շատ հետաքրքրում էր արդյունքը

21:01 18.08.2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ «Նոայի» հետ հանդիպումից (2-1) հետո հայտարարել է, որ այս խաղում իրենց համար առաջնային է եղել արդյունքը։

«Բարդ հանդիպում էր, քանի որ մեզ մոտ զուտ հոգեբանական առումով խաղային անցումները լավ չեն ստացվում։ Այսօր էլ խաղի ժամանակ էմոցիաների պակաս կար։ Սա այն խաղերից էր, երբ մեզ ավելի շատ հետաքրքրում էր արդյունքը։ Մենք այս խաղում ունեինք կենտրոնացվածության պակաս․ ֆուտբոլիստներին թվում է, թե ամեն ինչ հեշտ է լինելու։

Ես միշտ ասում եմ, որ Հայաստանի առաջնությունը դժվար է, որովհետև այն շատ առանձնահատուկ է։ Առաջնության որոշ թիմեր շատ ուժեղացել են, որոշ թիմեր էլ չեն ուժեղացել, բայց մոտիվացիայով են խաղում»,- ասաց Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն ընդգծեց, որ իրեն հաճելիորեն տպավորել է մրցակցի խաղը․

«Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած՝ «Նոայի» խաղը փոխվել է։ Հիմա նրանք լավ են վերահսկում գնդակի տեղաշարժը։ Նրանց խաղից շատ լավ տպավորություններ եմ ստացել»։

Բարձրագույն խմբի գործող չեմպիոնի հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Վարդան Մինասյանն ասում է, որ իր թիմն այժմ մրցակցին ուսումնասիրելու փուլում է․

«Ընդհանուր առմամբ արդեն կա մեր խաղի պատկերը։ Ուսումնասիրում ենք մրցակցին, դրա համար դեռ երկու օր էլ ունենք»։

 
Share |

Լրահոս

Loading...