Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ

13:51 19.08.2019

Սեպտեմբերին Թաիլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ:

Այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում ասել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Թաիլանդում մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:

Այժմ ծանրորդները նախապատրաստական մարզումներն անցկացնում են Հայաստանում, սակայն նախատեսված է ուսումնամարզական հավաք Ուկրաինայում, որտեղից էլ հավաքականը կմեկնի մրցավայր:

Փաշիկ Ալավերդյանն ընդգծում է, որ իրենց մարզումային գործընթացը տևական ու անընդհատ աշխատանք է.

«Եվրոպայի առաջնությունից հետո սկսել ենք պատրաստվել Աշխարհի առաջնությանը: Սա անընդհատ աշխատանք է. մայիսին էլ ենք հավաքներ ունեցել, հունիսին էլ, հուլիսին էլ, այժմ էլ: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, որից հետո կուղևորվենք Թաիլանդ: Կազմը 99 տոկոս պատրաստ է: Հույս ունենք՝ վնասվածքներ չեն լինի:

Աղջիկներն իրենց մարզումները կշարունակեն այստեղ, մենք կմեկնենք Ուկրաինա: Հետո աղջիկները կմիանան մեզ և կմեկնենք Թաիլանդ»,- ասում է Ալավերդյանը:

Մարզիչը սպասելիքների մասին չի խոսում, բայց նշում է, որ մրցավայր պետք է մեկնեն մարտական տրամադրվածությամբ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: 

Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 18-27-ը, Թաիլանդի Պատայա քաղաքում:

 
Share |

Լրահոս

Loading...