Վադիմ Բորեց. Նոան մեծ պոտենցիալ ունի

12:08 19.08.2019

«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից (1-2) հետո հայտարարել է, որ իր թիմը կարող է ավելի լավ հանդես գալ:

«Մենք ցանկանում էինք և՛ վերահսկել գնդակի տեղաշարժը, և՛ օգտագործել արագ հակագրոհները: Ցավոք, ամեն ինչ չէր, որ ստացվեց: Պետք է բարելավենք մեր խաղը, դաշտի կենտրոնում ավելի ագրեսիվ լինենք: Իհարկե, կա աշխատանքի և առաջընթացի տեղ: Մենք արագ հարձակվողներ ունենք, որոնց հետ հույսեր ենք կապում»,- խաղից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վադիմ Բորեցը:

«Նոայի» գլխավոր մարզիչն ընդգծեց, որ թիմը մեծ պոտենցիալ ունի, սակայն դեռ վաղ է խոսել մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում լինելուց.

«Թիմը լավ պոտենցիալ ունի: Կրկնում եմ՝ պետք է վերացնել ոչ պարտադիր սխալները, բացառել պարզ իրավիճակների սխալները: Այդ ժամանակ մենք գրոհելու ավելի շատ հնարավորություններ կունենանք: Այդ ուղղությամբ անընդհատ աշխատում ենք:

Չեմ կարող ասել, թե որ հորիզոնականը կկարողանանք զբաղեցնել: Իհարկե, ցանկալի է բարձր, բայց տեսնենք: Սա մեր առաջին պարտությունն է, կվերլուծենք, հետևություններ կանենք: Երբեմն պարտությունները կարող են հաղթանակներից կարևոր լինել: 

Որոշ բաներ դժվարությամբ են ստացվում, բայց տղաներն անընդհատ աշխատում են: Հավատում ենք նրանց»,- խոսքը եզրափակեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի երրորդ տուրից հետո «Նոան» ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...