Արմեն Սարգսյանը Ման. Սիթիի նախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման հնարավորությունները

15:44 20.08.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։

Քալդուն Ալ Մուբարաքը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է նաև The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանրապետության նախագահը նաև շրջայց է կատարել «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին։ Քալդուն Ալ Մուբարաքի հրավերով նախագահ Սարգսյանը մարզադաշտում դիտել է անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումը։

Share |

Լրահոս

Loading...