Սահակ Հովհաննիսյան. Եթե արծաթե մեդալ էինք նվաճել, ուրեմն դրան էինք արժանի

23:36 20.08.2019

Տալինում ավարտվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը Երևան ժամանեց կեսգիշներն անց։

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը նշում է, որ նրանց դիմավորելու էին գնացել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2 արծաթ մեդալ նվաճեց ԱԱ-ում։ ԱԱ-ի 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է առաջնությունում իր ցույց տված արդյունքի մասին.

«Ամեն մեդալն իր կարևորությունն ունի։ Շատ էի տրամադրվել, որ հաղթեի վրացի ըմբիշին ու ռեվանշի հասնեի նրա նկատմամբ, քանի որ Եվրոպայի առաջնությանը թեթև սխալի պատճառով զիջեցի նրան՝ շատ քիչ միավորների տարբերությամբ։ Այս անգամ լավ տրամադրվեցի, շատ կարևոր էր այդ գոտեմարտը, ու դրանից հետո էլ ուժ գտա մեջս ու կարողացա կիսաեզրափակչում հաղթել ռուս ըմբիշին»։

Մինչև եզրափակիչը Սահակը անցկացրել էր 4 գոտեմարատ և ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին.

«Անկեղծ ասած` չէի հասկացել, որ միավոր չեմ տվել, առաջնության վերջում մարզիչներն ասացին, որ այդպես է, նոր հասկացա (ծիծաղում է)»։

Մինչև եզրափակիչը Սահակ Հովհաննիսյանը 2 բարդ գոտեմարտ է առանձնացրել.

«Առաջինը շվեյցարացի ըմբիշի հետ, քանի որ առաջին գոտեմարտս էր,իսկ այն գրեթե բոլորի մոտ դժվար է ստացվում, և վրացի ըմբիշի հետ գոտեմարտը, ով Եվրոպայի չեմպիոնն էր»,-նշել է նա։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 6։0 հաշվով վստահ առավելության հասավ ռուս Գեորգի Տիբիլովի նկատմամբ.

«Վրացի ըմբիշին հաղթելուց հետո ավելի վտահ էի դարձել գործողություններիս մեջ ու ավելի շատ էի հավատում, որ պետք է եզրափակիչ դուրս գամ ամեն գնով, ու կիսաեզրափակչի գոտեմարտս ավելի հեշտ թվաց»,-անկեղծացել է նա։

Եզրափակչում Սահակի մրցակիցը Եվրոպայի հնգակի, աշխարհի կրկնակի չեմպիոն Քերեմ Քամալն էր ՝ Թուրքիա։ Հայ ըմբիշը մեկնաբանեց գոտեմարտը՝ նշելով, որ մրցակցի տիտղոսները չէին ընկճել իրեն.

«Հոգեբանորեն ինչ-որ ընկճվածություն կամ սխալ տրամարդրվածություն չկար: Իմ հոգեբանությունն ու տրամադրվածությունը բոլոր ըմբիշների հետ գոտեմարտելիս նույնն է՝ վաստակած մեդալները կապ չունեն, ուղղակի այս անգամ չստացվեց գոտեմարտս, նա էլ շատ փորձառու էր։ Դիրքեր կար, որ զիջեցի նրան,իսկ այդ մանր դիրքերում զիջելիս էլ հաղթանակը բաց ես թողնում ձեռքիցդ»։

Նշվում է, որ զրույցին հետևում էր Հայաստանի հավաքականի համար երկրորդ արծաթե մեդալը նվաճած 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Սահակը և Շանթը մանկության ընկերներ են, նույն մարզչի սաներ։ Այն հարցին, թե դժվար է ընկերոջ հետ նույն առաջնությանը մասնակցել և որքանով է այդ փաստը օգնել նրանց, Շանթը պատասխանել է.

«Ճիշտ է` ամեն մեկս իր գոտեմարտին է տրամադրվում, բայց հետևում ենք, միմյանց միշտ օգնում ենք ու մտածում, որ, իրար օգնելով, կդառնանք չեմպիոն»։

Զրույցի վերջում Սահակ Հովհաննիսյանն ասել է, որ ցանկությունները միշտ այլ են, իսկ իրականությունը՝ այլ.

«Իմ կարծիքով ինչքան էլ ցանկություները ուրիշ են, արդյունքները ուրիշ են։ Բոլորս էլ ավելին էինք ցանկանում, սակայն արդյունքը սա է։ Եթե այսօր ունենք արծաթե մեդալ, ուրեմն դրան էինք արժանի, պետք է ավելի ավելացնել աշխատանքը և հասնել չեմպիոնության»,-եզրափակել է խոսքը նա։

Share |

Լրահոս

Loading...