Բարսելոնան կարող է տուգանել Դեմբելեին

21:59 21.08.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է տուգանել հարձակվող Ուսման Դեմբելեին։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նման որոշման պատճառ կարող է հանդիսանալ Դեմբելեի՝ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ հանդիպումից (0-1) հետո բուժզննում չանցնելը։

Եթե հաստատվի, որ 22-ամյա ֆուտբոլիստը գիտակցաբար ակումբի բուժանձնակազմից թաքցրել է վնասվածքը, դա կդիտարկվի որպես Լա Լիգայի և Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AFE) կանոնադրությունների խախտում։ Այդ դեպքում ակումբը ֆուտբոլիստին 11-30 օր կարող է հեռացնել խաղերից և զրկել այդ ժամանակահատվածի աշխատավարձից, որը կկազմի 360 հազար եվրոյից մինչև 1 մլն եվրո։

Եթե անգամ Դեմբելեն չհեռացվի խաղերից, միայն կանոնադրություն խախտելու համար կարող է տուգանվել 215 հազար եվրոյով։

Հիշեցնենք, որ «Աթլետիկի» հետ խաղից հետո Ուսման Դեմբելեն հրաժարվել է բուժզննում անցնել և մեկնել է Սենեգալ։ Երկուշաբթի ֆուտբոլիստը վերադարձել է և բուժզննում անցել կատալոնական ակումբում, որի արդյունքում ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։

Դեմբելեի ապաքինման համար կպահանջվի 5 շաբաթ։

Share |

Լրահոս

Loading...