Դյուդելանժի գլխավոր մարզիչ․ Նախորդ տուրում Արարատ-Արմենիան ապացուցեց, որ հոգեբանորեն ուժեղ թիմ է

18:59 21.08.2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆեռերան նախախաղային ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ թիմին ֆավորիտ չի համարում վաղվա խաղում, քանի որ նոր ու երիտասարդ թիմը չի կարող ֆավորիտ լինել։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, հիանալի է։ Հին քաղաք է Երևանը, բայց շատ գեղեցիկ է։

Համաձայն չեմ, որ մեր թիմն այս խաղում ֆավորիտ է, որովհետև մենք նոր թիմ ենք, շատ խաղացողներ են գնացել թիմից նախորդ տարվա համեմատ ու մենք նոր թիմ ենք կառուցում։ Չեմ կարծում, որ կարող ենք մեզ ֆավորիտ համարել․ մենք նոր ու երիտասարդ թիմ ենք»,- ասաց նա։

Խոսելով «Արարատ-Արմենիայի» մասին՝ մարզիչն առանձնացրեց նախորդ տուրում՝ «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղը․

«Կարծում եմ՝ նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» շատ լավ խաղաց, որովհետև եթե տանը պարտվում ես 1-2 հաշովով ու մրցակցի հարկի տակ հաղթում 2-0 հաշվով, նշանակում է, որ դու հոգեբանորեն ուժեղ թիմ ես։ Նրանք հաղթեցին մի խաղում, որին ոչ ոք չէր հավատում»,- խոստովանեց Ֆեռերան։

Լրագրողները մրցակցի մարզչին խնդրեցին առանձնացնել հայկական թիմից որևէ խաղացողի, ինչին ի պատասխան նա ասաց, որ կարող է նշել խաղացողների համարները, բայց ոչ անունները ու թվեց գրեթե բոլորին։

Ֆեռերան նաև ասաց, որ եղանակը Երևանում էապես տարբերվում է Լյուքսեմբուրգի եղանակից, բայց իրենք պրոֆեսիոնալներ են ու դա խնդիր չէ։

«Վաղվա խաղում երկու թիմեր են, որոնք փորձում են դուրս գալ խմբային փուլ։ Մեր ղեկավարությունն էլ է մեզնից դա պահանջում անկախ նրանից, որ կազմը փոխվել է»,- եզրափակեց մարզիչը։

 

Share |

Լրահոս

Loading...