Վարդան Մինասյան․ Պետք է սառնասիրտ լինենք ու անենք մեր առավելագույնը

18:07 21.08.2019

«Դյուդելանժը» իր խաղաոճով նման է մեր նախորդ մրցակցին՝ վրացական թիմին։ Այսպիսի համեմատություն արեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր՝ օգոստոսի 21-ին կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ՝ բացատրելով․ 

«Սիրում են կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, սիրում են գնդակով խաղալ։ Որոշ բաներ չեմ կարող բաց ասել, բայց կփորձենք խաղալ մեր պլանավորած ֆուտբոլը, թե ինչ կստացվի՝ խաղը ցույց կտա։ Բայց լրիվ տիրապետում ենք ինֆորմացիային՝ ինչ թիմ է, ինչ ֆուտբոլ է դավանում»։

Մինասյանը հավաստիացնում է, որ իր թիմը լիովին վերականգնվել է, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, միայն թիմի ավագն է որակազրկված։ Իսկ մյուսները և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես պատրաստ են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի խաղին։

«Պատրաստվել ենք, թե խաղն ինչպես պիտի սկսենք, պարզ է խաղի սցենարը մինչև վերջ չենք կանխագուշակում, բայց պիտի պատրաստ լինենք խաղում տեղի ունեցողին։ Մեզ համար կարևոր է լինելու հանգստությունը, ավելորդ լարվածություն չպետք է լինի, այն կխանգարի։ Պետք է սառնասիրտ լինենք ու կարողանանք ճիշտ արձագանքել դաշտում կատարվելիքին։ Պետք է անենք մեր առավելագույնը»,- ասում է մարզիչը։  

Այն, որ մրցակիցը ներկայացնում է Լյուքսեմբուրգը, ըստ Վարդան Մինասյանի, նրանց թերագնահատելու առիթ չէ․

«Եթե մեր մրցակիցը հասել է այս փուլին, ոչ մի թերագնահատելու հարց չի կարող լինել։ Նրանք եվրագավաթներում խաղալու փորձով մեզ գերազանցում են։ Եթե թերագնահատելու հարց լինի, նրանք պիտի մեզ թերագնահատեն․ մենք ենք առաջին անգամ մասնակցում մրցաշարին։ Մենք կազմն էլ ենք նայել․ այնտեղ շատ լեգեոներներ կան Գերմանիայից, Բելգիայից․․․Ով մտածում է, որ Լյուքսեմբուրգին կարելի է թերագնահատել, ուրեմն ֆուտբոլին լավ չի հետևում․ նրանք սկսել են լավ խաղ ցուցադրել ու դա բնական է, նրանք գտնվում են Եվրոպայի կենտրոնում, ֆուտբոլի տենդենցների կենտրոնում ու նրանց ֆուտբոլն էլ ավելի է աճելու»։

Մինասյանը նաև չի կենտրոնանում վիճակագրության, փլեյ-օֆֆ կոչվածի և այլ կուլմինացիոն հարցերի վրա․

«Ես միշտ մտածում եմ․ «Սա մրցակիցն է, ուսումնասիրում եմ նրանց ուժեղ ու թույլ կողմերը ու դա փորձում նաև թիմին փոխանցել»։ 

Իսկ վաղվա հետ կապված ամեն ինչ պարզ է․

«Երբ տանն ես խաղում պետք է փորձես գոլ խփել ու գոլ բաց չթողնել։ Բայց նախորդ տուրը ցույց տվեց, որ կարող ես նաև տանը պարտվել, իսկ դրսում հաղթել»,- եզրափակեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղը կկայանա օգոստոսի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին։

Share |

Լրահոս

Loading...