US Open-ի եզրափակչից հետո Սերենա Ուիլյամսը խոսել է մրցավարի հետ

14:29 21.08.2019

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը վիճել էր մրցավար Կարլոս Ռամոսի հետ US Open-ի 2018 թվականի եզրափակչում, խաղից հետո գտել է վերջինիս և փակ դռների հետևում քննարկել տեղի ունեցածը: Այս մասին հայտնի է դարձել ESPN-ի «Սերենան մրցավարի դեմ» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, հաղորդում Է Yahoo Sports-ը։

Եզրափակչում Սերենան 2-6, 4-6 հաշվով պարտվեց ճապոնացի Նաոմի Օսակեին: Ուիլյամսը նախ զգուշացում է ստացել մարզչի՝ Պատրիկ Մուրատօղլուի կողմից տրիբունայից հուշում ստանալու, ապա, պարտվելով երկրորդ սեթի հինգերորդ գեյմում, տուգանային միավորով պատժվել է կոտրած ռակետի համար: 4-3 հաշվի ժամանակ ամերիկուհին մոտեցել է մրցավարական աշտարակին և հայտնել այն ամենը, ինչ մտածում է մրցավար Կարլոս Ռամոսի մասին, ինչի պատճառով գեյմում գրանցվել է տեխնիկական պարտություն: Դրանից հետո Ուիլյամսը կորտ է կանչել մրցաշարի գլխավոր մրցավարին և բարձր տոնով փորձել վիճարկել որոշումը, սակայն պատիժը չի չեղարկվել:

Խաղից հետո Սերենան մեղադրել է մրցավարին սեռական խտրականության մեջ: Լրագրող Դոն Վան Նատա կրտսերը պատմել է, որ խաղից հետո Սերենան ու Կարլոսը շփվել են մի քանի րոպե:

«Երկու աղբյուրներ ինձ հայտնել են, որ Սերենան ասել է, թե որքան է հարգում Ռամոսին, սակայն անհամաձայնություն է հայտնել նրա որոշումների հետ։ Ռամոսը պատասխանել է, որ պարզապես արել է իր աշխատանքը», - ասել է լրագրողը։

Անցած շաբաթ հայտարարվել էր, որ Ռամոսը US Open-ում չի սպասարկի Ուիլյամս քույրերի մասնակցությամբ խաղերը: 

Share |

Լրահոս

Loading...