Միասին կարող ենք. անչափ կարևոր օր հայկական ֆուտբոլի համար

12:46 22.08.2019

Այս տարի հայկական ֆուտբոլի համար, կարծես, բեկումնային է լինելու:

Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» անհավանական պատմություն կերտեց եվրագավաթներում: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները կարողացան դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: Եվ այսօր, Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում երևանյան թիմն ընդունելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:


Սենսացիոն հաջողություն կերտած մրցակիցը

«Դյուդելաժնը» Լյուքսեմբուրգի ամենահայտնի ակումբներից մեկն է: Բազմաթիվ անգամ դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր: Նախորդ տարի Լյուքսեմբուրգի համար եվրագավաթային մրցաշրջանը հեքիաթային ստացվեց:

«Դյուդելանժը», մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, պարտվեց «ՄՈԼ Վիդիին»: 

Այս պարտությունից հետո նրանք հայտնվեցին Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ հաղթահարեցին Կոսովոն ներկայացնող «Դրիտայի» արգելքը` 3-2 հաշվով:

Երրորդ փուլում «Դյուդելանժին» սպասում էր «Լեգիան»: Մրցակիցը հզոր էր ու քչերն էին հավատում, որ Լյուքսեմբուրգը ներկայացնող համեստ ակումբը կարող է մրցակցել լեհական թիմի հետ: Չնայած բոլոր կանխատեսումներին ու սպասելիքներին, «Դյուդելանժը» խոշոր անակնկալ մատուցեց ու ընդհանուր 4-3 հաշվով հաղթելով դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Թվում էր, թե այստեղ ամեն ինչ կավարտվի, հատկապես, երբ Մանգիոնի թիմին դիմակայելու էր եվրոպական «ամուր ընկույզ» համարվող «Կլուժը»: Բայց լյուքսեմբուրգյան ակումբը չէր պատրաստվում կանգ առնել: «Դյուդելանժը» ընդհանուր 4-3 հաշվով հաղթեց ու ապշեցնելով բոլորին՝ հայտնվեց խմբային փուլում:

Այստեղ «Դյուդելանժին» բաժին հասավ «Բետիսը», «Միլանը» և «Օլիմպիակոսը»: Պարտվելով բոլոր խաղերում՝ «Դյուդելանժը» ոչ-ոքի խաղաց միայն վերջին տուրում իսպանական «Բետիսի» հետ:

Փառահեղ հաջողություն կերտած այդ թիմի մեծ մասն այլևս չկա: «Դյուդելանժը» լքել են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ ու այսօր «Արարատ-Արմենիային» դիմակայելու է բոլորովին այլ թիմ:


Մեր հնարավորությունները

Եթե խոսենք Վարդան Մինասյանի թիմի հնարավորությունների մասին, ապա հիշենք «Դյուդելանժի» գլխավոր մարզչի խոսքերը

«Համաձայն չեմ, որ մեր թիմն այս խաղում ֆավորիտ է, որովհետև մենք նոր թիմ ենք, շատ խաղացողներ են գնացել թիմից նախորդ տարվա համեմատ ու մենք նոր թիմ ենք կառուցում։ Չեմ կարծում, որ կարող ենք մեզ ֆավորիտ համարել․ մենք նոր ու երիտասարդ թիմ ենք»:

Հնարավոր է, որ այս խոսքերը մարզչական ծուղակ է, սակայն փաստը մնում է փաստ, որ «Արարատ-Արմենիային» բաժին է հասել նվազագույնը հավասար հնարավորություններով թիմ:

Կազմի առումով խնդիրներ կարծես չկան: Բացակայելու է միայն Դմիտրի Գուզը, որը երեք դեղին քարտ ունի ու կկարողանա մասնակցել միայն պատասխան խաղին: Մյուս դիրքերում խնդիրներ չկան, բոլորը կազմ և պատրաստ են: 

Մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել անգամ չի կարող, սակայն չպետք է նաև վախենանք նրանից: Վարդան Մինասյանն ապացուցել է, որ ինչքան էլ դժվարին իրավիճակում լինենք, կարողանում ենք պատվով դուրս գալ այդ ամենից, ինչպես «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղում: Եթե ինքներս մեզ համար խնդիրներ չստեղծենք, ապա շատ հանգիստ կարող ենք բացել հայկական ֆուտբոլի պատմության ամենափառահեղ էջերից մեկը՝ դուրս գանք Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Եվ այսպես, բոլորս մեկ մարդու պես ժամը 19:00-ից լինում ենք «Հանրապետական» մարզադաշտում՝ միասին պատմություն կերտելու համար...

Share |

Լրահոս

Loading...