Դյուդելանժի գլխավոր մարզիչ․ Հաշիվն արտացոլում է հանդիպման ընթացքը

21:33 22.08.2019

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆեռերան կարծում է, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայության առաջին խաղի արդյունքը համապատասխանում է հանդիպման ընթացքին։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։

«Բնականաբար, ես իմ թիմին չէի ասել պարտվել։ Սա է այսօրվա խաղի արդյունքը։ Իմ թիմի համար շատ բարդ ստացվեց առաջին 15-30 րոպեն։ Պահեր եղան, որոնք չկարողացանք օգտագործել, նույնիսկ դեմ առ դեմ դուրս գալու ժամանակ։ Երկրորդ կեսում թիմն ավելի շատ էր վերահսկում գնդակի տեղաշարժը և լավ էր խաղում, սակայն վերջում բաց թողեցինք երկրորդ գոլը։ Դժվարությամբ, բայց կարծում եմ՝ այո, հաշիվն արտացոլում է հանդիպման ընթացքը»,- խաղից հետո ասաց Էմիլիո Ֆեռերան։

«Դյուդելանժի» մարզիչը չի կարծում, թե Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայում իր թիմին հանդիպած ամենաուժեղ մրցակիցն է․

«Ոչ, «Արարատ-Արմենիան» ամենաբարդ մրցակիցը չէր Եվրոպա լիգայում: Յուրաքանչյուր թիմի դեմ հանդիպում էլ բարդ է, մեր նախորդ մրցակիցներն էլ էին բարդ։ Պետք չէ համեմատել թիմերը, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ցուցադրել իր խաղը։ «Արարատ-Արմենիան» շատ լուրջ և հզոր թիմ է»։

Էմիլիո Ֆեռերան վստահ է, որ այս դիմակայությունում դեռ ամեն ինչ ավարտված չէ, և իր թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու հնարավորությունները չի կորցրել․

«Հիմա բարդ է խոսել խմբային փուլ դուրս գալու հնարավորությունների մասին, սակայն մրցակիցը ևս չի կարող խոսել այդ մասին։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Արարատ-Արմենիայի» համար ևս բարդ հանդիպում էր։ Դիմակայությունն ավարտված չէ և արտագնա խաղում 2-1 հաշիվն այնքան էլ վատ արդյունք չէ»,- ասաց Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը։

Հավելենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 29-ին։

 
Share |

Լրահոս

Loading...