Վարդան Մինասյան․ Ինձ գոհացրեց թիմի բնավորությունը

22:19 22.08.2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ «Դյուդելանժի» հետ առաջին հանդիպումից, սակայն կարծում է՝ մրցակիցը ևս ուներ հաղթելու հնարավորություն։

«Դժվար հանդիպում ստացվեց և՛ մեզ համար, և՛ մրցակցի։ Խաղի սցենարն այնպիսին էր, որ կարող էին հաղթել և՛ նրանք, և՛ մենք։ Այսօր ինձ գոհացրեց թիմի բնավորությունը, որը ցույց տվեցինք հանդիպման վերջնամասում»,- խաղից հետո ասաց Վարդան Մինասյանը։

Մինասյանը կարծում է, որ «Դյուդելանժը» Եվրոպա լիգայում իր թիմին հանդիպած ամենաբարդ մրցակիցն է․ 

««Դյուդելանժը» Եվրոպա լիգայում մեր ամենաբարդ մրցակիցն է։ Կարող եմ համեմատել «Սաբուրթալոյի» հետ։ Արդեն ասել եմ, որ այս թիմերը խաղաոճերով նման են, բայց ի տարբերություն վրացական թիմի՝ «Դյուդելանժի» մոտ թիմային խաղն ավելի բարձր մակարդակի վրա է։ «Սաբուրթալոյում» կային ուժեղ ֆուտբոլիստներ, իսկ «Դյուդելանժում» թիմային խաղն ավելի լավն է։ Այսպիսի թիմերի դեմ ավելի բարդ է խաղալ։ Իսկապես, այս թիմն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել։ Նրանց մոտ խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է»։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն անդրադարձավ թիմի ավագ Դմիտրի Գուզի բացակայությանը։ Գուզն այս խաղը բաց էր թողնում որակազրկման պատճառով․

«Գուզը թիմի ավագն ու իր գծի առաջատարն է, սակայն կարծում եմ, որ Դամչևսկին նրան վատ չփոխարինեց։ Լավ է, որ մյուս խաղին թիմի ավագը կվերադառնա, քանի որ նրա ներկայությունը մեզ համար շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ նրա բացակայությամբ մենք էական խնդիրներ ունեցանք»։

Խոսելով Անտոն Կոբյալկոյի պասիվության և փոխարինման մասին՝ Վարդան Մինասյանը նշեց, որ դա պայմանավորված էր նաև Պետրոս Ավետիսյանի խաղով․

«Կոբյալկոն փոքր-ինչ «կախյալ» ֆուտբոլիստ է․ այսօր Պետրոս Ավետիսյանի մոտ այդքան էլ լավ չստացվեց խաղը։ Ամեն դեպքում, ես Պետրոսին շատ եմ վստահում, նա ինձ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Կոբյալկոն աշխատում էր, սակայն Ավետիսյանի խաղով պայմանավորված այդ աշխատանքի արդյունավետությունը շատ մեծ չէր։ Օգանան լավ դուրս եկավ փոխարինման և սրեց հանդիպում»։

Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչն ընդգծեց, որ այս խաղում զգացած էմոցիաները չի կարող համեմատել ազգային ընտրանու կազմում ունեցած ապրումների հետ․

«Այն, ինչ ապրել և զգացել եմ ազգային հավաքականը մարզելիս չի համեմատվի ոչնչի հետ։ Ես նմանատիպ էմոցիաներ և ապրումներ չեմ զգացել ու չգիտեմ՝ երբևէ կզգամ՞, թե՞ ոչ։ Ազգային հավաքականն այլ մակարդակ է։ Ես այն ոչ մի բանի հետ չեմ համեմատի, այն այլ հարթության վրա է»։

Վարդան Մինասյանը նաև տեղեկացրեց, որ Բարձրագույն խմբի առաջնության՝ «Երևանի» հետ օգոստոսի 25-ին նախատեսված հանդիպումը չի հետաձգվելու, սակայն մրցակցին խնդրել են հանդիպումը Վանաձորից տեղափոխել Երևան։ 

«Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 29-ին։

 
Share |

Լրահոս

Loading...