Արարատի շքեղ մեկնարկից մինչև Ուրարտուի պարտություններ. ԲԽ-ն սկսում է թափ հավաքել

14:30 23.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը սկսում է թափ հավաքել: Առաջին երեք տուրից հետո մի շարք հետաքրքիր հանդիպումների ականատես եղանք, անակնկալ արդյունքներ գրանցվեց, դե իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Արարատը», որը նախորդ տարիներին զբաղեցնում էր վերջին հորիզոնականները:

«Արարատը» զարմացրեց բոլորին

Դեռևս նախորդ մրցաշրջանի վերջում «Արարատի» գլխավոր մենեջերի պաշտոնը զբաղեցրեց հայկական ֆուտբոլային հանրությանը քաջ ծանոթ Վալերի Հովհաննիսյանը: Բոլորը սկսեցին կրկին վատ կանխատեսումներ անել ու կարծել, որ լեգենդար ակումբում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի:

Մինչմրցաշրջանային հատվածում էլ «Արարատը» լիովին փոխեց կազմը... Արտակ Ալեքսանյան, Դենիս Դեդեչկո, Դավիթ Խուրսիձե, Ալեքսանդր Կոզլով, Սերգեյ Ռեվյակին... ահա այս ֆուտբոլիստները եկան Երևան ու այժմ թիմի կորիզն են կազմում: Իհարկե, ամառային տրանսֆերային բումերից մեկն էլ կատարեց Վալերի Հովհաննիսյանը՝ «Արարատ» բերելով «Սպարտակի» նախկին խաղացող Եվգենի Մակեևին:

Մրցաշրջանից առաջ էլ ընտանեկան խնդիրների պատճառով թիմը լքեց գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը: Մեկնարկային երեք անընդմեջ հաղթանակերից հետո կարելի է ասել, որ նրան փոխարինող Սերգեյ Բոյկոն հիանալի է կատարում իր աշխատանքը:

«Արարատը» հաղթեց «Երևանին», երկրորդ տուրում առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ, իսկ «Փյունիկի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը ապացուցեց, որ այս մրցաշրջանում երևանյան թիմի հետ պետք է հաշվի նստել:

Հաջող մեկնարկ մի քանի թիմի համար

Նախորդ տարվա չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկու խաղ է անցկացրել ու տարել երկու հաղթանակ: Իհարկե, հասկանալի է, որ Վարդան Մինասյանի թիմը պատմություն է կերտում եվրագավաթներում ու առաջնության հենց մեկնարկից թիմի մտքերը կապված էին միայն եվրագավաթների հետ:

Չնայած այս ամենին, Մինասյանի ֆուտբոլիստները հաղթեցին «Գանձասար-Կապանին» ու «Նոային»: Զգացվում է, որ որքան էլ դժվար լինի երկու ճակատով պայքարելն, այնուամենայնիվ «Արարատ-Արմենիան» մինչև վերջ պայքարելու է ցանկացած խաղում երեք միավոր վաստակելու և չեմպիոնական պայքարում մրցակիցներից հետ չմնալու համար:

Գյումրու «Շիրակն» էլ 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Գյումրեցիները հաղթել են «Երևանին» և «Ուրարտուին» ու կարող էին միավոր «փախցնել» նաև «Արարատի» հետ խաղում: Զգացվում է, որ Բիչախչյանի ֆուտբոլիստները կռիվ են տալու ցանկացած խաղում ու ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Գյումրի մեկնող թիմերի համար իսկական փորձություն է սպասվելու:

Վանաձորի «Լոռին», ինչպես նաև «Նոան» չորս միավոր են վաստակել, չնայած վանաձորցիները մեկ խաղ պակաս են անկացրել:

«Լոռիի» իսպանական կազմն ու գլխավոր մարզիչը խոստումնալից տեսք ունեն: Զգացվում է, որ «կանաչները» խաղ առ խաղ ավելացնելու են: Կամպանյան իր խաղաոճն ու ձեռագիրն է փորձում ներմուծել թիմի մեջ ու անխոս, առաջնության ընթացքում դա իր արդյունքը կտա: Եթե այժմ միայն լավ է ստացվում «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման առաջին խաղակեսը, ապա խաղակցվածությունը բարելավելուց հետո վանաձորյան թիմը արդեն երկու նման խաղակես կարող է անցկացնել ու ձեռքից բաց չթողնել 3 միավորը:

Դեռևս մի փոքր տարօրինակ է «Նոայի» կարգավիճակը: Թիմը կարծես խաղում է, վատ հանդես չի գալիս ու պայքարում է, սակայն դժվար է ասել, թե ինչերի է հավակնում այս թիմը:

Հասկանալի է, որ Բարձրագույն խմբում այժմ հաղթանակները հեշտ չեն տրվում ու «Նոայի» հետ հանդիպումներում էլ մրցակիցները լուրջ խնդիրների են բախվելու, ինչպես դա եղավ «Արարատ-Արմենիայի» դեպքում: «Նոան» հաղթել է միայն «Երևանին» ու ոչ-ոքի խաղացել «Գանձասար-Կապանի» հետ: Թե ինչպես կդրսևորի իրեն այս թիմը, դեռ սպասել է պետք

«Փյունիկի» ու «Ալաշկերտի» խնդիրները մեկնարկում

Նախորդ առաջնության փոխչեմպիոնին այս տարի Եվրագավաթներում բարդ վիճակահանություն բաժին հասավ: Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունը դեռ երկար կհիշվի: Սա, ինչպես նաև «Յաբլոնեցի» հետ երկու ծանր հանդիպումները, իրենց հետքը թողել են Տարխանովի թիմի վրա ու «Արարատի» հետ խաղի ժամանակ էլ նկատվում էր, որ երևանյան թիմը ֆիզիկապես դեռ պետք է վերականգնվի:

Հասկանալի է, որ իր կազմով «Փյունիկը» չեմպիոն դառնալու ֆավորիտներից է: Որքան արագ Տարխանովը սկսի վերականգնել իր թիմին, այնքան շուտ «Փյունիկը» կսկսի միավորներ հավաքել ու առաջ պոկվել մրցակիցներից:

«Ալաշկերտի» մոտ խնդիրներն այլ են: Աբրահամ Խաշմանյանը կրկին կազմի հետ լուրջ խնդիրներ ունի: Թիմը լքել են մի քանի առաջատարներ ու փոխարինողներ չեն եկել: «Ուրարտուի» հետ խաղում հարձակման գծում հանդես էր գալիս երիտասարդ Ախմեդ Ջինդոյանը:

Այս մասին Աբրահամ Խաշմանյանը խոսեց նաև այդ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Խաշմանյանը կարծում է, որ այս կազմով իր թիմը չի կարող հավակնել չեմպիոնության: Ակումբում, ամենայն հավանականությամբ, այլ նպատակներ ունեն: Վերջին օրերին թիմը համալրեցին Կիրիլ Ալոյանը և Ալեքսանդր Գլիշիչը: Եթե կազմի հարցում Խաշմանյանի ցանկությունները կատարվեն, ապա «Ալաշկերտը» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հավասար պայքար կմղի մյուս թիմերի հետ:

«Ուրարտուի» պարտություններն ու վատ մեկնարկած «Երևանը» և «Գանձասար-Կապանը»

Բարձրագույն խմբի այս առաջնության մեկնարկում, բացի «Արարատի» հրաշալի մեկնարկից, կարելի է առանձնացնել նաև «Ուրարտուի» պարտությունները:

Ֆայզուլինի թիմը երեք խաղում ընդունել է 8 գնդակ՝ խփելով 2-ը: «Ուրարտուն» պարտվել է «Շիրակին», «Փյունիկին», իսկ երրորդ տուրում զիջել է «Ալաշկերտին»:

Պարտությունների պատճառները, իսկապես, անհասկանալի են: «Ուրարտուն» համալրումներ չի ունեցել, սակայն այնպես չէ, որ կորցրել է առաջատարներին: Թիմի ղեկին նույն գլխավոր մարզիչն է, եվրագավաթներում էլ նրանք դուրս են մնացել առաջին փուլից և ֆիզիկիպաես պետք է որ հասցնեին վերականգնվեին առաջնության մեկնարկին:

Մինչ կային մարդիկ, որ նման անհաջողությունից հետո սպասում էին գլխավոր մարզչի հրաժարակին, «Ուրարտուում» այլ փոփոխություններ գրանցվեց: Նախկին լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Իհարկե, սա գլխավոր թիմի ելույթների վրա այս պահին դժվար ազդեցություն ունենա: Ապագայում էլ, թե ինչ կտա այս փոփոխությունը ակումբին, կրկին պետք է սպասենք:

Բարձրագույն խմբի այս առաջնությունն էլ անհաջող են մեկնարկել «Գանձասար-Կապանն» ու «Երևանը»: Առաջնության նորեկը երեք խաղերից հետո երեք պարտություն ունի: 

«Երևանը» նախորդ մրցարջանում հանդես էր գալիս Առաջին խմբում ու պարզ է, որ նոր կազմավորվող ակումբի համար դժվար է միանգամից լավ արդյունքներ գրանցել Բարձրագույն խմբում: Չնայած վատ խաղ թիմը չի ցուցադրում ու դժվար է ասել, արդյո՞ք երեք խաղերից հետո արժանի էին երեք պարտության:

«Գանձասար-Կապանից» այս տարի սպասելիքները շատ էին: Թիմը համալրվեց հայ ֆուտբոլիստներով ու սպասվում էր, որ մեկնարկը կապանյան թիմի համար ավելի հաջող պետք է լիներ: Նորեկները դեռս լիովին չեն արդարացնում սպասելիքները, իսկ թիմի նախորդ տարվա առաջատարները դեռևս լավ մարզավիճակում չեն: Այնուհանդերձ, հասկանալի է, որ այս թիմը կառուցվում է ապագայի համար ու հաջորդ մրցաշրջանում լեգեոներների լիմիտի ավելի խիստ սահմանափակումների դեպքում «Գանձասար-Կապանն» առավելություն կունենա մյուս թիմերի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...