Խաղերի հանդիսավոր փակմամբ Համահայկական 7-րդ խաղերը չեն դառնում պատմություն. Իշխան Զաքարյանն ամփոփել է 7-րդ խաղերը

22:47 23.08.2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփել է 7-րդ Համահայկական խաղերի կազմակերպչական և նպատակային նրբությունները:

Խաղերի մեկնարկից առաջ կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրված պաշտոնյան անդրադարձել է տարբեր միջոցներով բարձրացված հարցերին:

«Ստեփանակերտում մեկնարկած համահայկական 7-րդ խաղերը թեև ավարտվեցին, բայց  չեմ կարող ասել, թե դրանք  այլևս պատմություն են։  Տեխնիկապես դրանք, այո՛, ավարտվեցին, բայց իրենց խորքային ազդեցությամբ և գործնական հետևանքներով շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։  Ես սա եմ համարում իրական ձեռքբերում։ Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնլորտը անցել են, ուզում եմ անկեղծ պատասխանել մի շարք հարցերի, որոնք այս ընթացքում բարձրացվել են մամուլով կամ ուղիղ տրվել են ինձ կամ իմ մեջքի հետևում հյուսվել որպես դավ ու պատվիրվել ինչ-որ լրատվամիջոցի», - ասվում է Իշխան Զաքարյանի ամփոփման մեջ։

Համահայկական խաղերի անցկացման գլխավոր պատասխանատուն նախ պարզաբանել է խաղերի բացումը հենց Ստեփանակերտում կազմակերպելու նպատակն ու նշանակությունը՝ նշելով, որ դա իր մեջ իսկապես մեծ ռիսկեր էր պարունակում, որոնցից շատերի մասին անգամ խոսել չի կարելի: Նա նաև նշում է, որ այդ ռիսկերի հակակշիռն Արցախի ճանաչելիության հարցն էր.

«Արցախը շատ երկար տարիներ կարիք ուներ նման, չեմ ուզում ասել՝ միջոցառման, այլ նման մթնոլորտի, նման կենսական էներգիայի հեղեղի, նման ջերմության, նման կյանքի։  Առաջին գիծը Ստեփանակերտի մարզադաշտից ընդամենը մի քանի տասնյակ  կիլոմետր է։  Եվ հենց դա էր էլ ավելի ուժեղացնում խաղաղ կյանքի և համահայկական միասնականության պահանջը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և բոլոր նրանք,  ովքեր մեզ աջակցեցին, իրենց լուման դրեցին այս կարևոր խնդրի լուծմանը»:

Զաքարյանի խոսքով՝ խաղերի փակման արարողությամբ աշխատանքներն ամենևին չեն ավարտվում, ամեն ինչ նոր է սկսվում և պետք է պահպանել Արցախի և Սփյուռքի համայնքների միջև ձևավորված կապերը:

Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև Համահայկական խաղերի ֆինանսավորման վերաբերյալ խոսակցություններին՝ բացահայտելով, որ դրա համար պետական միջոցներ ընդհանրապես չեն ծախսվել.

«Ամեն ինչ կազմակերպվել է  հովանավորների  շնորհիվ։  Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, մարդիկ կարևորել են գաղափարը, մարդիկ գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, որ սա պատմական այս պահին,  Արցախում և Երևանում  այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է  ծառայում, և մարդիկ իրենց նվիրատվություններով օգնել են։ Բացման արարողությանը պարգևատրվեցին նրանցից  մի քանիսը,  բայց ես հավատացնում եմ ցանկը շատ մեծ է»:

Պաշտոնյան մանրակրկիտ անդրադարձել է քննարկված այն հարցին, թե ինչու է խաղերի կազմակերպումը կրկին վստահվել իրեն: Պատասխանել է կազմակերպչական թերություններն ու բացթողումները մատնանշողներին, իսկ վերջում ամփոփել խաղերի անցկացումը, անձամբ նշելով, որ հետևությունները միայն մարզական չեն, ու շնորհակալություն հայտնել 7-րդ Համահայկական խաղերի կայացման կարևոր գործում իրենց լուման ունեցած մարդկանց.

«Մենք այս տարի ունեցել ենք նոր մասնակից քաղաքներ այլ երկրներից, իսկ դա խոսում է նոր համայնքներում հայկականության կազմակերպման մասին,  ունեցել ենք շատ լավ, շատ ուժեղ կազմակերպված պատվիրակություններ այնպիսի երկրներից ու քաղաքներից,  որոնք սովորաբար եղել են ավելի համեստ։ Իսկ դա նշանակում է, որ  պետք է արձանագրել այդ բոլոր նրբությունները և աշխատել հայակական համայնքների հետ։  Իսկապես կան շատ կարևոր հարցեր, որոնք լրացուցիչ խորքային վերլուծության և մշակման անհրաժեշտություն ունեն։ Մենք դա նույնպես անպայման անելու ենք։ Եվ իհարկե, այս փուլում  ամենակարևոր ու ամենահաճելի գործն է բարձրաձայն, անկեղծ սրտով  ասել շնորհակալություն, այն բոլոր մարդկանց , ովքեր ամեն ինչ արեցին համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում փայլուն անցկացնելու համար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ից 17-ը 145 երկրի մոտ 5000 հայ մարզիկ Հայաստանում վիճարկեցին մեդալների 150 հավաքածու:

Share |

Լրահոս

Loading...