Միխալ Լիստկևիչ․ Ուզում եմ փոխել հայ մրցավարների մասին մտածելակերպը

09:30 24.08.2019

 Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը, որն արդեն մեկ ամիս է՝ գլխավորում է ՀՖՖ Մրցավարական բաժինը, նվազագույնը մեկ տարի է պատրաստվում անցկացնել Հայաստանում։ Լիստկևիչը նախկինում 5-6 անգամ եղել է այստեղ, ընկերական հարաբերությունների մեջ է ֆեդերացիայի աշխատակիցների հետ ու մեր երկիրն իր երկրորդ տունն է համարում։

ArmSport.am-ը 66-ամյա մասնագետի հետ քննարկել է Մրցավարական բաժնում սպասվելիք փոփոխությունները, մրցավարական սխալներն ու այլ հարցեր։ 

1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ:

Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը: Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները:

Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:

-Պարո՛ն Լիստկևիչ, ինչպե՞ս եղավ Հայաստանում աշխատելու առաջարկը։

-Երկար տարիներ է՝ ինչ ծանոթ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որովհետև երբ ես Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էի, համագործակցում էինք, խաղեր անցկացնում։ Սուրեն Աբրահամյանը (ՀՖՖ նախագահ 1998-2002 թթ․՝ հեղ․) իմ ընկերն է։ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի միջոցով ճանաչում էի նաև Արմեն Մելիքբեկյանին, որն ինձ մի անգամ զանգեց ու խնդրեց Լեհաստանից մրցավարական անձնակազմ ուղարկել առաջնության խաղերից մեկը սպասարկելու համար։ Մենք մեր մրցավարական թիմն ուղարկեցինք այստեղ, ու մի քանի շաբաթ անց ես զանգեցի Արմենին ու հարցրի` արդյոք մրցավարական մասնագետի կարիք չունե՞ն, որ կկարողանամ գտնել, նա էլ հետաքրքրվեց՝ գուցե հենց ե՞ս կարողանամ գալ։ Ես մեկ-երկու շաբաթ մտածելու ժամանակ խնդրեցի, խոսեցի կնոջս, ընտանիքիս հետ ու ասացի, որ հաճույքով կգամ, որովհետև քաջատեղյակ եմ հայկական ֆուտբոլից, ֆեդերացիայից, միայն լավ հուշեր ունեմ այստեղի հետ կապված։ Նախկինում 5-6 անգամ եղել էի Հայաստանում։ Հիշում եմ 2001 թվականին Հայաստանի ու Լեհաստանի վետերանների միջև հանդիպումը, որին երկու կողմից էլ մասնակցում էին պատմության լավագույն խաղացողները։ Այդ հանդիպման մի խաղակեսում ես մրցավար էի։

-Ի՞նչ ժառանգություն եք ստացել այս պաշտոնում։

-Շատ լավ հարաբերությունների մեջ եմ Կարեն Նալբանդյանի հետ։ Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ նա ինձ իր օգնությունն ու համագործակցությունն առաջարկեց։ Մեկ ամիս է, ինչ ես այստեղ եմ ու կարող եմ վստահել նրան, խորհուրդ հարցնել նրանից, բայց, իհարկե, իմ որոշումներում ես անկախ եմ։ Զգում եմ, որ հայկական ֆուտբոլում բոլորն ինձ աջակցում են։

Պայմանագիրս մեկ տարով է, բայց երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մեկ ամսում շատ խաղեր եմ հասցրել դիտել թե՛ Բարձրագույն խմբի, թե՛ երիտասարդների։

-Ինչպիսի՞ն էին Ձեր առաջին տպավորությունները նոր աշխատանքից։

-Առաջին տպավորություններս մարդկանց հետ էին կապված, որոնք շատ բաց, ընկերական ու դրական են։ Բայց վատն այն է, որ մրցավարների քանակը շատ սահմանափակ է։ Դուք առավելագույնը 70 մրցավար ունեք երկրում, դա շատ քիչ է։ Ես նոր մարդկանց գտնելու միտք ունեմ, որոնք մրցավար կդառնան։ Գիտեմ, որ շատ պատճառներով դա հեշտ չէ, բայց իմ երազանքն է, որ մեկ-երկու տարուց, երբ ես հեռանամ, այստեղ ոչ թե 70, այլ 200 որակավորված մրցավար լինի։

-Էլ ի՞նչ եք ուզում փոխել մրցավարական բաժնում։

-Մրցավարական բաժինը շատ լավ է աշխատում։ Մենք 4-5 շատ լավ մրցավար ունենք և 4-5 շատ լավ տեսուչ։ Բայց դրանից այն կողմ մեծ ճեղք է։ Ես առաջինը կցանկանայի մրցավարների հուսալիությունը փոխել։ Նկատի ունեմ՝ մարզիչները, ակումբները, երկրպագուները, լրագրողները չեն հավատում, որ հայ մրցավարները կարող են պրոֆեսիոնալ լինել․ ես ուզում եմ այս մտածելակերպը փոխել, որովհետև մրցավարները ամեն տեղ էլ սխալներ գործում են, նույնիսկ Չեմպիոնների լիգայի, անգլիական Պրեմիեր լիգայի, Բունդեսլիգայի խաղերում։ Բայց մենք պետք է հասկանանք, թե մրցավարությունը որքան բարդ գործ է ու պիտի ընդունենք, որ եթե նույնիսկ մրցավարները սխալվում են, նրանք դա մտածված չեն անում, նրանք էլ են մարդ ու կարող են սխալվել։

Մյուս կետը VAR-ն է, որը շատ լավ է աշխատում Լեհաստանում։ Հայաստանում այն դեռ չկա։ Սկզբի համար այն թանկ հաճույք է, բայց նույնիսկ եթե ՀՖՖ-ն գումար գտնի դրա համար, դա դեռ բավական չէ, որովհետև պետք են որակավորված մարդիկ։ Լեհաստանում մենք երկու տարի անցկացրինք՝ մարդկանց պատրաստելով որպես տեսամրցավարներ։ Եթե գնես այդ թանկ տեխնիկան, բայց համապատասխան աշխատակիցներ չունենաս, կկորցնես փողերդ։ Ես հաճախ եմ հայ մրցավարներին ցույց տալիս, թե ինչպես են աշխատում տեսամրցավարները․ ինչպես է մրցավարը դադարեցնում խաղը, վազում դեպի էկրանն ու փոխում որոշումը։

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում փոխել հայ մրցավարների վերաբերյալ մտածելակերպը։

-Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ մրցավարները համախմբված լինեն։ Որոշ երկրներում տեսել եմ, որ նրանք խմբերի են բաժանված՝ տարիքով մրցավարներ, երիտասարդ մրցավարներ․․․եթե այսպես լինի, մենք ոչնչի չենք հասնի։ Նրանք պետք է մեկ ընտանիք լինեն։ Ես փորձում եմ բաց ու ընկերական լինել բոլոր մրցավարների հետ ու հուսով եմ՝ նրանք միմյանց հետ էլ այդպիսին կլինեն։

-Պատրաստվո՞ւմ եք վերապատրաստման դասընթացներ անցկացնել մրցավարների, կամ նրանց համար, ովքեր ուզում են դառնալ մրցավար։

-Մենք երկու սեմինար, ինչպես նաև թեստեր ենք կազմակերպել մրցավարների համար։ Բայց նոր մրցավարների գտնելը հեշտ չէ։ Գիտեմ, որ դպրոց կա, երևի թե, ղեկավարվում է ֆեդերացիայի կողմից։ Այնտեղ երիտասարդներ են, որոնք ուզում են դառնալ մրցավար, մարզիչ կամ ֆիզիոթերապևտ, բայց մեզ պետք է մրցավարներին առանձին սովորեցնել։ Ես կփորձեմ, բայց դա պիտի ֆեդերացիայի որոշումը լինի․ գնալ համալսարաններ, դպրոցներ ու դեռահասներին գրավել, ասել, որ կարող են գալ, 3 ամիս սովորել ու դառնալ մրցավար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 10 սովորողից, 2-3-ն են մնում, իսկ 7-ը հեռանում են, որովհետև մրցավար լինելը բարդ գործ է։ Մի քանի խաղ ես անցկացնում երկրպագուները սուլում են, խաղացողները՝ բղավում, մարզիչները՝ նյարդայնանում ու մտածում ես՝ սա ինձ համար չէ, հեռանում եմ։

Գուցե փորձեմ բարձրակարգ մրցավարների հրավիրել Հայաստան, օրինակ Շիմոն Մարցինյակին Լեհաստանից, կամ Հովարդ Վեբին Անգլիայից, որ դասախոսություններ կարդան, որովհետև մենք նոր մրցավարների կարիք ունենք։

-Մրցավար լինելը, ասում եք, բարդ գործ է, իսկ ո՞րն է դրա գրավիչ կողմը։ Ինչո՞վ պետք է գրավել դեռահասներին։

-Մրցավարությունը հիանալի աշխատանք է, որովհետև ակտիվ ես լինում։ Ոչ բոլորը կարող են խաղալ այնպես, ինչպես Մխիթարյանը, Լևանդովսկին կամ Մեսսին։ Բայց եթե դու ուզում ես ֆուտբոլի մի մասը լինել, սակայն այնքան լավը չես խաղալու համար, դարձիր մրցավար։ Մենք Լեհաստանում էլ ենք այս ձևով գրավում մարդկանց։ Օրինակ, մեր թոփ-մրցավար Շիմոն Մարցինյակը ֆուտբոլիստ է եղել, բայց ցածրակարգ ու ասել է․ «Ես երբեք բարձրակարգ խաղացող չեմ լինի, բայց սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ խաղադաշտի մթնոլորտը», ու նա հիմա Եվրոպայում թոփ-մրցավար է։

Գրավիչ կողմը նաև աշխարհով ճամփորդելու հնարավորությունն է։ Երբ հեռուսստացույցով դիտում ես Ռեալի, Բարսելոնայի, Լիվերպուլի խաղերը, տեսնում ես մրցավարի, ուրեմն ինչո՞ւ մի քանի տարի անց այնտեղ չի կարող հայ մրցավար լինել։

Ուստի, սա ևս կարող է երազանք լինել։

Գրավիչ կողմերից մեկը լավ կյանք ունենալն է, որովհետև մրցավարները հիմա լավ են վարձատրվում։

-Մրցավարությունը ցանկացած երկրի ֆուտբոլում ի՞նչ դեր է կատարում։

-Հիմա մրցավարների դերը շատ մեծ է, որովհետև նրանք ոչ միայն որոշումներ են կայացնում խաղադաշտում, այլ նաև սովորեցնում են մարդկանց խաղի կանոնները, արդար խաղին են ծանոթացնում, սովորեցնում է լինել օբյեկտիվ։ Այնպես որ, մրցավարը կարող է լավ օրինակ լինել երեխաների համար, բայց երբեմն նաև վատը կարող է լինել, եթե արդար չէ, խաբում է։ Այսպիսով, մրցավարին կարելի է համեմատել ուսուցչի հետ։

-Ո՞րն է Ձեր աշխատանքային պլանը Հայաստանում։

-Բարձրագույն խմբում երաշխավորել լավ մրցավարություն, որովհետև եթե այնտեղ վատ լինի, մթնոլորտը մրցավարների համար կփոխվի նաև մյուս լիգաներում։ Ես մրցավարներին խնդրում եմ լինել կենտրոնացված ու 100 տոկոսով անել իրենց աշխատանքը, տարբերություն չդնել, թե ինչ մակարդակի թիմեր են խաղում։

Երկրորդ կետը միջազգային հարթակներում հայ մրցավարների թվի ավելացումն է, որովհետև հիմա Հայաստանն ընդամենը երկու ՖԻՖԱ-ի մրցավար ունի։ Իմ կարծիքով՝ նրանք ամենաքիչը պիտի երեքը լինեն՝ ինչպես հարևան երկրներում։ Բայց ՖԻՖԱ-ին երրորդ տեղի համար խնդրելուց առաջ, պիտի մարդկանց պատրաստենք, որովհետև ՖԻՖԱ-ն կհարցնի՝ ո՞ւմ եք ուզում առաջարկել։

Մյուս ամենակարևոր կետը երիտասարդ, նոր մրցավարների ներգրավումն է, որովհետև այստեղ մեծ մրցակցություն չկա։ Բարձրագույն խմբում 8 մրցավար ունենք, եթե մեկը վնասվածք ստանա, մեկը հիվանդանա, մյուսն ընտանեկան առիթ ունենա, մյուսը վատ խաղ անցկացնի ու ստիպված լինի սպասել, ես ոչ ոքի չեմ ունենա խաղի նշանակելու։

-Ներկա եք եղել Բարձրագույն խմբի առաջնության խաղերին․ ի՞նչ տպավորություն եք ստացել։

-Ներկա եմ եղել և՛ Բարձրագույն խմբի, և՛ Առաջին խմբի խաղերին։ Տպավորված եմ խաղի արագությունից։ Այստեղ խաղն ավելի արագ է, քան Լեհաստանում։ Նրանք շատ են վազում։ Խաղերը հետաքրքիր են, որովհետև հարձակողական ոճի ֆուտբոլ են խաղում, վազում են, որ գոլ խփեն։ Թիմերը չեն հանձնվում։ Տեսել եմ խաղեր, որ թիմը պարտվում է, բայց վերջին րոպեներին դեռ գրոհներ է ձեռնարկում, որ գոնե մեկ գոլ խփի։ Տեխնիկապես լավ ֆուտբոլիստներ կան։ Սա լավի մասին։ Իսկ խնդիրներից են տակտիկական մասն ու ֆիզիկականը։ Ես հետևել եմ Մ16 հավաքականների Հայաստանի ու Սլովակիայի միջև խաղին։ Սլովակները շատ ուժեղ էին, բայց դա բնության հարց է։

Մարզադաշտերի մասին խոսելիս կարող եմ ասել, որ հիացած եմ Ֆուտբոլի ակադեմիայով, նույնիսկ Լեհաստանում մենք նման ակադեմիա չունենք։ Բայց, ընդհանուր առմամբ, մարզադաշտերն այստեղ լավը չեն։ Առանձնացնենք «Հանրապետականը», «Ուրարտուն», Ֆուտբոլի ակադեմիայինը ու, գուցե, Գյումրիինը։ Մյուսները եվրոպական մակարդակի չեն։ Յուրաքանչյուր ակումբ պետք է իր սեփական հարմարավետ մարզադաշտն ունենա։

Նկատել եմ նաև, որ շատ խաղեր են անցկացվում արհեստական խոտածածկով խաղադաշտերում, հատկապես, Առաջին խմբի խաղերը։ Արհեստական խոտածածկը միայն մարզումների համար է լավ։ Բայց խաղերի համար այն ռիսկային է։ Այնպես որ, Բարձրագույն ու Առաջին խմբի խաղերը միայն բնական խոտածածկով խաղադաշտերում պիտի անցկացվեն։

-Քանի որ խոսեցիք մրցավարական սխալների մասին, ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ նախորդ մրցաշրջանի «Լոռի»-«Փյունիկ» խաղում մրցավարի կայացրած որոշման վերաբերյալ, եթե դիտել եք տեսանյութը։ Այդ խաղում հաղթելու դեպքում «Փյունիկը» դառնալու էր Հայաստանի չեմպիոն ու 2-2 հաշվի ժամանակ մի դրվագում մրցավարը 11-մետրանոց չնշանակեց նրանց օգտին։

-Այո՛, տեսանյութը դիտել եմ, սխալ կար։ Մրցավարը պատժվեց, հիմա նա որակազրկված է, կարծեմ, 6 խաղով։ Շատ խիստ որոշում էր, որը ես ընդունում եմ։ Բայց յուրաքանչյուրին կյանքում պիտի երկրորդ շանս տրվի։ Օրինակ, եթե ֆուտբոլիստը սխալվում է, մի քանի խաղի նստում է պահեստայինների նստարանին, բայց մի օր վերադառնում է։ Հիմա էլ այստեղ, մրցավարը պետք է վերադառնա ու ցույց տա, որ դա մի սխալ էր, նա որակազրկվեց, բայց արժանի է այլ հնարավորության և ես նրան կտամ այդ հնարավորությունը, քանի որ շատ կարծիքներ եմ լսել, որ նա լավ մրցավար է։ Լուրջ սխալ է եղել, որի համար նա պատժվել է։

-Ի՞նչ կարող են անել մրցավարները, որ գոնե այդպիսի վճռորոշ իրավիճակներում չսխալվեն։

-Դա կարող է լինել միայն տեսամրցավարի միջոցով։ Առանց դրա՝ անհնար է։ Չնայած որ վերջում միևնույն է որոշողը մարդն է։ Սա ֆուտբոլ է, ֆուտբոլում սխալվում է յուրաքանչյուրը՝ խաղացողները, մարզիչները, մրցավարները։ Բայց, իհարկե, համաձայն եմ, որ մրցավարների սխալները չպետք է ազդեն խաղի ելքի վրա։ Ես չեմ կարող խոստանալ, որ այս մրցաշրջանում մրցավարները չեն սխալվի, բայց հույս ունեմ, որ չենք ունենա նման աղմկահարույց սխալներ։ Այս մրցաշրջանում դեռևս գոհ եմ մրցավարների աշխատանքից։

Մրցավարները նաև պետք է իրենք իրենց գնահատեն, դա նշանակում է, որ պետք է խաղից հետո դիտեն տեսագրությունն ու գտնեն իրենց կատարած աշխատանքի դրական ու բացասական կողմերը։ Այդ փորձն այստեղ արդեն կիրառել եմ։ Դա շատ լավ է։ Եթե մեկը տեսնում է՝ երբ է սխալվել, ինչու է սխալվել ու ընդունում է այդ սխալը, վստահ եմ, որ հետագայում նույն սխալը չի անի։

-Բարձրագույն խմբի այս մրցաշրջանում նման աղմկահարույց դրվագ չի եղել, այո՛, բայց Առաջին խմբի «Վան»-«Լոկոմոտիվ» խաղի վերջնամասում խաղադաշտում կռիվ էր սկսվել նորից կապված մրցավարի որոշման հետ․․․

-Դա սխալ չէր։ Մրցավարը շատ ճիշտ որոշում էր կայացրել։ Այդտեղ «Լոկոմոտիվի» ներկայացուցիչն իրեն վատ պահեց։ Սա օրինակ է նրա, որ երբեմն ակումբների ներկայացուցիչները շատ էմոցիոնալ են արձագանքում։ Հասկանում եմ, որ յուրաքանչյուրը ցավում է իր թիմի համար, բայց ֆուտբոլում այսպիսի պահվածքն ընդունելի չէ, բոլորը պիտի հարգեն իրար։ Սա հայկական ֆուտբոլի իմիջի հարցն է։ Եթե արտասահմանից ինտերնետով տեսնեն այդպիսի տեսանյութեր, ողջ հայկական ֆուտբոլի մասին կարծիք կկազմեն, ոչ թե անհատների։ Մարդիկ պետք է կառավարեն իրենց։ Եթե դժգոհ ես մրցավարից, կարող ես բողոք ուղարկել ֆեդերացիա, ու մենք կուսումնասիրենք այն, իսկ մրցավարի սխալ լինելու դեպքում, վստահեցնում եմ, որ պատիժ կկիրառենք։

-Հոգեբանական տեսանկյունից այսպիսի պահվածքն ինչպե՞ս է ազդում մրցավարի վրա ու ի՞նչ է արվում այն հաղթահարելու համար։

-Խոսել եմ մրցավարների հետ։ Ես նրանց ասում եմ, որ անեն իրենց աշխատանքը, ուշադրություն չդարձնեն նման բաներին, եթե պետք է դեղին կամ կարմիր քարտ ցույց տան, կամ հեռացնեն մարզչին՝ ինչպես Եվրոպայում։ Բայց չմտածեն այս ամենի մասին, որովհետև ֆուտբոլը էմոցիաներն են։ Երբեմն մենք պետք է հանդարտեցնենք կրքերը։ Ինձ դուր չեն գալիս այն մրցավարները, որոնք միանգամից քարտերի օգնությանն են դիմում, նախ, պետք է փորձես բացատրելով հանդարտեցնել իրավիճակը։

Կարծում եմ՝ ձմեռային դադարի ժամանակ մրցավարներին կուղարկեմ ակումբներ, որ խոսեն խաղացողների, մարզիչների հետ, տեսանյութեր ցույց տան, սովորեցնեն, որովհետև շատ խաղացողներ չգիտեն կանոնները, իսկ եթե չես իմանում կանոնները, առանց հասկանալու դժգոհում ես որոշումներից։

-Եվ վերջում, Դուք պատրաստվում եք նվազագույնը մեկ տարի ապրել Հայաստանում․ ինչպիսի՞ն է այն Ձեր աչքերով։

-Մարդիկ շատ լավն են։ Մրցավարներից շատերի կողմից եմ հրավերներ ստանում իրենց ընտանիքների հետ ծանոթանալու։

Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ, քանի որ Ֆուտբոլի ակադեմիայում մենակ եմ ապրում։ Բայց շուտով միջազգային դադար կլինի, 10 օրով տուն կմեկնեմ, հետո ընտանիքս պարբերաբար ինձ այստեղ կայցելի։ Խնդիր չկա, որովհետև իմ աշխատանքի բերումով շատ ժամանակ եմ անցկացրել տնից հեռու։ Ինձ հիմա իմ երկրորդ տանն եմ զգում։

Այստեղ ուտելիքն ինձ շատ է դուր գալիս։ Խոհանոցում աշխատող կանայք ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ ապուր կցանկանայի ուտել։ Նրանք տատիկիս նման են պատրաստում։ Հիմա շատ ժամանակ եմ ծախսում խաղերի գնալու, դրանք ուսումնասիրելու վրա, բայց երբ ընտանիքս գա այստեղ, կցանկանամ տեսնել երկիրը՝ գնալ Սևան, Դիլիջան, այցելել հին եկեղեցիները։

Երևանն էլ շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես գիշերով, երբ սրճարանները մարդաշատ են, իսկ փողոցներում երաժշտության ձայներ են լսվում։ Ես սիրում եմ Հայաստանը։ Եղանակն է շատ շոգ, բայց մի քանի շաբաթից կկարգավորվի։ Երեկոյան գնում եմ խաղերի, ջերմաստիճանը 42 է լինում, ինձ համար դժվար է նույնիսկ կանգնելն ու շնչելը, իսկ ֆուտբոլիստներն ու մրցավարները ինտենսիվ կերպով վազում են այդ եղանակին։ Նրանք շատ ուժեղ են (ծիծաղում է՝ հեղ․)։

Ստելլա Բաբլոյան

Share |

Լրահոս

Loading...