Շնորհակալ եմ, որ երջանկացրիր ինձ. Տոռեսը հրաժեշտ է տվել ֆուտբոլին

13:55 24.08.2019

Ճապոնական «Սագան Տոսուի» հարձակվող Ֆերնանդո Տոռեսը հրաժեշտի նամակ է գրել կարիերան ավարտելու առթիվ: Ֆուտբոլիստի բառերով թերթերը տեղավորված են եղել «Տոսու Սթեդիումի» բոլոր նստարաններին երեկ՝ օգոստոսի 23-ին «Վիսել Կոբեի» հետ կայացած խաղից առաջ (1-6):

«Երբ ես 5 տարեկան էի, սկսեցի եղբորս հետ ֆուտբոլ խաղալ: 30 տարի անց ես անցկացնում եմ իմ վերջին խաղը պրոֆեսիոնալ մակարդակում:

Այսօր ետ եմ նայում ու դժվարությամբ եմ կարողանում հավատալ այն ամենին, ինչ ապրել եմ: Իմ բախտը շատ է բերել, որ հաղթել եմ ամենակարևոր տիտղոսներն աշխարհում ու հանդես եմ եկել մի քանի հեղինակավոր ակումբներում:

Ես հաջողության եմ հասել նաև Իսպանիայի հավաքականի կազմում: Ուժեղ զգացողություններ ու երջանկություն եմ ապրել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլին այն բանի համար, որ երջանկացրել է ինձ, բայց չեմ ուզում մոռանալ սպորտի ամենակարևոր մասը, որն էլ այն դարձնում է այսքան հիասքանչ՝ երկրպագուներին:

 

Շնորհակալություն այն բոլոր ակումբների երկրպագուների, որոնցում ես խաղացել եմ: Երախտապարտ եմ սիրո, քաջալերանքների ու հարգանքի համար: Բացի դրանից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցակից թիմերի երկրպագուներին: Ձեր շնորհիվ ես որպես ֆուտբոլիստ ավելի լավն եմ դարձել:

Հուսով եմ՝ դա ձեզ ստիպել է հետևել իմ խաղին ու ինչ-որ կերպ ոգեշնչել է: Երբեք մի դադարեք պայքարել ձեր երազանքների համար: Սա կատարյալ հաճույք էր: Շնորհակալ եմ, ֆուտբոլ», - գրել է Տոռեսը:

Share |

Լրահոս

Loading...