Sky Sports հեռուստաալիքը, որը հեռարձակում է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը, սկսել է համագործակցություն վիդեո խաղեր արտադրող EA Sports ընկերության հետ: Ըստ EuroGamer-ի՝ FIFA ֆուտբոլային սիմուլյատոր ստեղծող EA Sports-ը կօգնի մրցաշրջանի վերսկսվելուց հետո վերականգնել իրական հանդիպումների մթնոլորտը Պրեմիեր լիգայի դատարկ տրիբունաներում:
Մասնավորապես, հեռուստադիտողները հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ կկարողանան լսել տրիբունաների ձայնը և երկրպագուների բացականչությունները: Դիտողները հնարավորություն կունենան նաև ցանկության դեպքում հեռացնել արհեստական աղմուկը:
Sky Sports-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Ուեբստերը շեշտել է, որ հեռուստադիտողները պետք է զգան ֆուտբոլային հանդիպումների բոլոր հույզերը, նույնիսկ ներկայիս պայմաններում:
Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որը դադարեցվել է մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հաջորդ չորեքշաբթի, հունիսի 17-ին, «Աստոն Վիլլա» — «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» հանդիպումներով: