US Open. Կառլոս Ռամոսը չի աշխատի Ուիլյամս քույրերի խաղերի ժամանակ

20:32 25.08.2019

Մրցավար Կառլոս Ռամոսը, որը US Open-ի նախորդ խաղարկության եզրափակչում ամերիկուհի Սերենա Ուիլյամսին տուգանեց գեյմով, այս խաղարկության ընթացքում չի աշխատի Վինուս և Սերենա Ուիլյամսների խաղերի ժամանակ։

Այս մասին հայտարարել է մրցաշարի գլխավոր մրցավար Զորեն Ֆրիմելը։

«US Open-ի համար մենք ընտրել ենք լավագույն մրցավարներին։ Մրցավար Ռամոսի հարցում շատ նրբանկատ ենք գտնվել։ Կարծում ենք, որ այս որոշումը լավ կլինի ինչպես մրցավարների, այնպես էլ ամբողջ մրցաշարի համար։

Մեր նպատակն է խաղերի համար մրցավարական ճիշտ ընտրություն կատարելը։ Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ մենք որոշեցինք, որ Ռամոսը չի սպասարկի Ուիլյամս քույրերի խաղերը»,- Ֆրիմելի խոսքը մեջբերել է BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ US Open-ի նախորդ խաղարկության եզրափակչում Սերենա Ուիլյամսը մրցեց ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ և պարտություն կրեց։ Երկրորդ սեթի ժամանակ ամերիկուհին մարզիչների հետ խոսակցության համար տուգանվեց միավորով, իսկ մրցավարի հետ վիճելու համար՝ գեյմով։ Հանդիպումից հետո Ուիլյամսը մրցավարին անվանեց սեքսիստ և գող։

Share |

Լրահոս

Loading...