ՌՊԼ․ Ուրալը հաղթեց Սոչիին․ Հարոյանը մասնակցեց ողջ խաղին, Կարապետյանը դուրս եկավ փոխարինման

20:53 26.08.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը ավարտվեց հայ ֆուտբոլասերների համար բավականին հետաքրքիր դիմակայությամբ։ Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սոչիին»։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, մինչդեռ Ալեքսանդր Կարապետյանը խաղը սկսեց պահեստային նստարանից։ 

Առաջին կեսից հետո հաշիվը հավասար էր՝ 1-1։ Էրիկ Բիկֆալվի դիպուկ իրացրած 11-մետրանոցին պատասխանել էր «Սոչիի» նորեկ Անտոն Զաբոլոտնին։ 28-ամյա հարձակվողը առաջին գնդակը խփեց նոր թիմում։ Առաջին կեսի վերջում Վարազդատ Հարոյանը դեղին քարտ ստացավ։ 

Հանդիպման վերջնամասում «Ուրալը» կարողացավ հաղթանակ կորզել։ 74-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Անդրեյ Պանյուկովը։ Խաղավարտից 5 րոպե առաջ վերջնական հաշիվը ձևակերպեց Նիկոլայ Դիմիտրովը՝ 3-1։ Հավելենք, որ Ալեքսանդր Կարապետյանը խաղի 76-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման։ 

«Ուրալը», վաստակելով 10 միավոր, բարձրանում է 8-րդ հորիզոնական։ Իսկ ահա «Սոչին» երեք միավոր ունի ու նախավերջինն է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ 

Share |

Լրահոս

Loading...