Կարծում եմ, որ սա լավ որոշում է. Վիուլեն Այվազյանը՝ Երևան տեղափոխվելու մասին

22:03 28.08.2019

Շուրջ 1 տարի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում մնալուց հետո Երևանի «Փյունիկի», Գյումրու «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը վերադառնում է մեծ ֆուտբոլ: 24-ամյա ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է կնքել «Երևանի» հետ:

Պայմանագրի ստորագրումից հետո հարձակվողն առաջին մեկնաբանություններն է տվել ArmSport.am-ին:

- Մի փոքր անսպասելի էր «Երևանին» միանալը, քանի որ փորձաշրջանի էիք մեկնել Բելառուս։ Այնտեղ ինչպե՞ս դասավորվեցին հանգամանքները։

- Այո, Բելառուսում փորձաշրջան անցա, սակայն վերջին պահին ակումբի հետ չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ պայմանների շուրջ, և վերադարձա Հայաստան:

- «Երևանի» տարբերակն ինչպե՞ս ստացվեց: Այս ընթացքում այլ առաջարկներ, տարբերակներ ունեցե՞լ եք:

- Ակումբից կապ հաստատեցին ինձ հետ ու առաջարկեցին միանալ թիմին, ես էլ ընդունեցի առաջարկը: Այս ընթացքում առաջարկ եմ ունեցել մեկ հայկական և երկու արտասահմանյան ակումբից: Պատճառներ կան, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, ինչի համար չկայացավ տեղափոխությունը: Այդ ամենն արդեն անցյալում է: Դրանցից հետո եղավ «Երևան» տեղափոխվելու տարբերակը, ինչին ես համաձայնեցի: Այս ընթացքում հետևել էի «Երևանի» խաղերին ու կարծում եմ, որ կկարողանամ հեշտ ինտեգրվել այս թիմում: Կարծում եմ, որ սա լավ որոշում է:

- «Երևանի» գործերն առայժմ այնքան էլ լավ չեն առաջնությունում։ Ձեր համագործակցությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

- Ճիշտ է, թիմն այնքան էլ լավ չի սկսել առաջնությունը, բայց վստահ եմ, որ խաղից խաղ ամեն ինչ կկարգավորվի. նորաստեղծ ակումբ է, առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում, թիմում երիտասարդ ու ամբիցիոզ ֆուտբոլիստներ կան, և կարծում եմ՝ շատ շուտով արդեն կկարողանանք հաջող ելույթներ գրանցել և միավորներ հավաքել: Ես էլ իմ խաղով և, իհարկե, խփած գոլերով կփորձեմ նպաստել թիմի հաջողություններին:

- Այս պահին Ձեր առջև դրված ի՞նչ հիմնական խնդիրներ կան:

- Շատ-շատ դժվար էր այս ամիսների ընթացքում առանց ֆուտբոլի և այն էմոցիաների, որոնք ինձ տալիս է ֆուտբոլը: Չնայած, որ այս ամբողջ ընթացքում մարզվել եմ, ուսումնամարզական հավաքների եմ մասնակցել տարբեր երկրների ակումբների հետ և փորձել եմ պահել մարզավիճակս: Համոզված եմ ու վստահ, որ կյանքում ոչ մի բան չի կարող փոխարինել այն զգացողություններին, որ ինձ տալիս է ֆուտբոլը, համենայնդեպս, իմ պարագայում, քանի որ սա ուղղակի սպորտաձև կամ աշխատանք չէ ինձ համար: Առաջին հերթին նպատակ ունեմ տքնաջան մարզումների և կարգապահության շնորհիվ շատ արագ լավ մարզավիճակ հավաքելու ու ցույց տալու այն ամենը, ինչին ընդունակ եմ: Գիտեմ, որ կստացվի: Հենց այդ պատճառով եմ այստեղ:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...