Մխիթարյան. Հուսով եմ՝ Ֆոնսեկան ինձ կօգնի իմ լավագույն որակները դրսևորել

23:05 03.09.2019

Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո այսօր՝ սեպտեմբերի 3-ին է միացել Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղերին պատրաստվող թիմակիցներին: Ընտրանու հետ առաջին մարզումից հետո Մխիթարյանը առաջին մեկնաբանությունն է տվել ՀՖՖ TV-ին՝ խոսելով «Ռոմա» տեղափոխության ու առաջիկա խաղերից հույսերի մասին:

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռոմա» ակումբին: Խոսելով ակումբի ղեկավարության հետ՝ հասկացա, որ թիմի առաջ մեծ նպատակներ են դրված. որ մրցաշրջանն ավարտեն Չեմպիոնների լիգայի գոտում, կարողանան պայքարել Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու համար, ինչպես նաև՝ Իտալիայի Գավաթի համար: Որքան տեղյակ եմ՝ թիմը նոր մարզիչ ունի և շատ նոր ֆուտբոլիստներ, ինչը, կարող եմ ասել, լավ կլինի նաև ինձ համար, քանի որ թիմը նոր է սկսում ձևավորվել, ու ես էլ կկարողանամ իմ ներդրումն ունենալ:

Խոսել եմ «Ռոմայի» աշխատակիցների հետ, հիշեցրել եմ, որ խաղացել եմ իրենց դեմ: Չեմ հիշում՝ 2010, թե՞ 2011 թվականին էր: Ինչ վերաբերում է մարզչին՝ աշխատել է «Շախտյորում»: Մի քանի հանդիպման հետևել եմ: Ճիշտ է՝ շատ ժամանակ չի եղել, որ բոլոր հանդիպումները դիտեմ, բայց ինչքան որ տեղյակ եմ՝ հարձակվողական ֆուտբոլ է դավանում և փորձելու է գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Դեռ անձնական շփում չի եղել, հեռախոսազրույց ենք ունեցել: Ակնկալիքները մեծ են, և կարծում եմ, որ միասին նույն նպատակներն ունենք: Փորձելու եմ ամեն ինչ անել, որ օգնեմ ակումբին, և հուսով եմ, որ մարզիչն ինձ կօգնի՝ իմ լավագույն որակները դրսևորել:

Տեղյակ եմ, որ Իտալիայի հետ հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր կլինեն խաղադաշտում: Հույս ունենք լավ հանդես գալ, լավ արդյունքի հասնել, չնայած, որ մրցակիցը հեշտ չէ, ու հեշտ խաղ չի սպասվում: Ինչ վերաբերում է Բոսնիայի հետ խաղին՝ հույս ունեմ, որ նաև այդ խաղում կկարողանանք լավ արդյունքի հասնել և կկարողանանք բոլորին ապացուցել, որ հնարավորություններ ունենք դուրս գալու Եվրոյին»:

Share |

Լրահոս

Loading...