Մեկնարկում է VBet Հայաստանի գավաթի խաղարկությունը. ինչ սպասելիքներ կան

18:36 06.09.2019

Այսօր մեկնարկում է VBet Հայաստանի գավաթի խաղարկությունը:

Նոր մրցաշրջանից Գավաթի խաղարկությունը կսկսվի նախնական փուլով, որի վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից նորաստեղծ թիմերը:

Մինչև կիսաեզրափակիչ թիմերը միմյանց միջև կանցկացնեն մեկ հանդիպում: Կիսաեզրափակչում թիմերը միմյանց հետ կխաղան 2 անգամ՝ սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս:

Ֆավորիտները

Ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբում, այնպես էլ այստեղ ֆավորիտներն ընդգրկված են: «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը», անկասկած, դրանց թվում են: Այս թիմերն իրենց կազմով պայքար կմղեն չեմպիոնության համար թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Գավաթի խաղարկությունում:

Վիճակահանությունն էլ այնպես է դասավորվել, որ այս թիմերը միմյանց կարող են հանդիպել միայն եզրափակչում:

Հայաստանի Գավաթի խաղարկությունը հիանալի հնարավորություն է թիմերի համար ուղեգիր նվաճել դեպի եվրագավաթներ: Նախորդ տարի այդպես «Ալաշկերտը» առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, սակայն նվաճելով Գավաթը, մասնակցեց Եվրոպա լիգային:

Այս տարի ևս բացառություն չի լինի: Բոլոր ակումբները կցանկանան լավ հանդես գալ այստեղ, որպեսզի ապահովեն իրենց տեղը եվրագավաթներում:

Նախորդ տարվա հաղթողն էլ, իհարկե, այս տարի ֆավորիտների թվում է, որքան էլ մնացել է առանց գլխավոր մարզիչ: «Ալաշկերտը» շատ ուժեղ կազմ ունի, որը ի զորու է հաղթել ցանկացածին:

Ովքեր կարող են անակնկալ մատուցել

Ինչպես առաջնությունում, այնպես էլ այստեղ շատ բան կարելի է սպասել Երևանի «Արարատից»: Մրցաշարային աղյուսակի առաջատարը մրցելու է «Նոայի» հետ 1/8 եզրափակչում, իսկ հաղթանակի դեպքում կմրցի «Լոկոմոտիվ»-«Արագած»/«Վան» զույգի հաղթողի հետ:

Սպասելիքներ, իհարկե, կան նաև «Լոռիից»: Նախորդ մրցաշարի եզրափակչի մասնակիցը գիտի, թե ինչպես կարելի է խաղալ Գավաթի խաղարկությունում ու մրցաշարի հաղթող դառնալու իրական հավակնորդ է: Բոլորն էլ հիշում են, ինչպես Վանաձորյան ակումբը նախորդ մրցաշրջանում պայքարից դուրս թողեց «Փյունիկին»:

Առաջին խմբի թիմերը

Նորաստեղծ թիմերը կարող են լուրջ մրցակցություն ստեղծել Հայաստանի Գավաթում: Դիտելով Առաջին խմբի խաղերը կարելի է ասել, որ այստեղ կան թիմեր, որոնք, իսկապես, պայքար կմղեն որքան հնարավոր է առաջ գնալու համար:

«Վանը» այդ ակումբներից մեկն է: Իր կազմով ու ցուցադրած խաղով այս թիմը, իրոք, անակնալ մատուցողներից կարող է լինել: Նույնը կարելի է ասել նաև Արմեն Շահգելդյանի «Վեստ Արմենիայի» մասին:

Այնպես, որ հետաքրքրության պակաս, իրոք, չի լինելու:


Ընթացիկ մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկությունը կկոչվի VBet Հայաստանի գավաթ։

«Մեր նպատակն է հովանավորչական համաձայնագրից ստացված գումարների միջոցով որոշ չափով ծածկել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության, Հայաստանի Բարձրագույն խմբի ու ՀՖՖ կողմից կազմակերպված մյուս մրցաշարերի ծախսերը, իսկ մնացած գումարը ուղղել հայկական ֆուտբոլային ակումբներին տարբեր ձևաչափերով»,- ահա այսպես են ՀՖՖ-ում մեկնաբանել մրցաշարի անվանափոխությունը: Թե ինչպիսի արդյունք կտա այս փոփոխությունն ու ինչ արձագանք կգտնի երկրպագուների մոտ՝ սպասել է պետք...

Share |

Լրահոս

Loading...