Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնության կազմն ընտրվել է նախորդ մրցաշարերի հանրագումարից

13:05 06.09.2019

«Աշխարհի առաջնության մասնակիցների կազմն ընտրվել է մինչ այդ կայացած Եվրոպայի առաջնությունների, եվրոպական խաղերի ու միջազգային մրցաշարերի հանրագումարից: Դրանից ելնելով՝ որոշել ենք, թե ովքեր կկարողանան մեդալներ նվաճել այս մրցաշարում»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով Արսեն Հարությունյանի վնասվածքի մասին, ասաց, որ հավաքները նորմալ են անցել, մնացածը՝ աշխարհի առաջնությունը ցույց կտա.

«Արսենը, վնասվածք ուներ, այո՛, որից հետո մասնակցեց Ստեփան Սարգսյանի մրցաշարին, որտեղ վնասվածքը զգացնել տվեց: Բայց դրանից հետո բուժումներ է ստացել, ամեն ինչ նորմալ է»:

Կուրղինյանը բացատրեց նաև, որ Լևան Բերիանիձեն (125կգ) հավաքականի կազմից առանձին է մարզվում, որովհետև այստեղ զույգ չունեն նրա համար, բայց մարզիչը հետևել է նրան, նորմալ մարզավիճակում է:

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև Վազգեն Թևանյանի մարզավիճակին.

« Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունից հետո ոչ մի մրցաշարի չէր մասնակցել: Երիտասարդների աշխարհի առաջնությունն առաջին մրցաշարն էր: Ինձ թվում է՝ վրիպումները մրցակցային գոտեմարտների պակասի արդյունք էր ու դրանք նա այնտեղ լրացրեց: Աշխարհի առաջնությանը լավ վիճակով կմասնակցի»:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 14-ից 22-ը Ղազախստանում: Մեր հավաքականի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:  

 

Share |

Լրահոս

Loading...